Պետաիրավական հանձնաժողովում քննարկվել է վիճահարույց դեպոնացման ինստիտուտը. Փաստինֆո

03/03/2014

 2010թ-ից ի վեր մշակված Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը ներկայումս մանրամասն քննարկումներ է անցնում  ՀՀ Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովում: «Փաստինֆո»-յի տեղեկացմամբ, օրենսգրքի նախագծի վերաբերյալ լրագրողների համար անցկացվող  ծրագրի  իրականացման ընթացքում այս մասին մարտի 1-ին հայտնեց  ՀՀ արդարադատության նախկին փոխնախարար,  ներկայումս  ՀՀ արդարադատության ակադեմիայի ռեկտոր,  Քրեական դատավարության օրենսգիրքը մշակած աշխատանքային խմբի անդամ  Ռուբեն Մելիքյանը:

 Ըստ աշխատանքային խմբի անդամի,  վերջին նիստը նվիրված էր  ցուցմունքների դեպոնացման ինստիտուտին: Ըստ Ռ.Մելիքյանի, «բացառիկ արդյունավետ քննարկման» արդյունքում մասնակիցները մի քանի հարցերում  համոզել են իրար, ինչն առաջիկայում  իր արտացոլումը կգտնի նախագծում:  Մասնավորապես,  վերանայումներից մեկի համաձայն,   մինչ մեղադրյալի ցուցմունքի դեպոնացումը դատավորը ոչ միայն մեկուսի, ինչպես նախատեսված է նախագծով, այլ նաև  հրապարակավ  մեղադրյալին պարզաբանում է իր իրավունքները, մասնավորապես,  պաշտպան ունենալու, լռելու իրավունքները:  Դատավորը հնարավորություն է ունենալու նաև, նախատեսվող վերանայումներով, ձայնագրառվող դատական նիստի ընթացքում, հրապարակավ,  մեղադրյալին  հարցադրումներ ուղղել    խոշտանգումների վերաբերյալ, ինչը հետագայում օգտագործվելու է որպես ապացույց:

 Այսօր  սկսվեց  ՀՀ քրեական դատավարության   նոր օրենսգրքի   նախագծի վերաբերյալ երկօրյա   վերապատրաստման ծրագիրը՝ լրագրողների համար:  Ծրագիրն իրականացնում է ՀՀ արդարադատության նախարարության նախաձեռնությամբ՝ Գերմանական միջազգային համագործակցության  ֆինանսավորմամբ և նպատակ ունի խորացնել լրագրողների իրավական գիտելիքները:  Ծրագիրն իրականացնում են  Քրդատօրը մշակած   աշխատանքային խմբի անդամներ Ռուբեն Մելիքյանը և ՀՀ արդարադատության փոխնախարար  Արման Թաթոյանը՝ նրանք իրավաբանական գիտությունների թեկնածուներ են, դոցենտներ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: 

Լուսանկարը՝ Ռուզան Մինասյանի