Հեռուստաընկերություններից ոմանք այսօր բրեժնևյան քարոզչամեքենայից չեն տարբերվում. Թովմասյան. Panorama.am

11/03/2014

 «Ես չգիտեմ` ով ինչ է ուզում, ով ինչ է մտածում, որ իր ազդեցության տակ գտնված թերթում իրենց ժամանակին կուռք դարձրած առաջին նախագահին այսօր ինչ-որ պիտակներ է տալիս: Ես չգիտեմ` ով ինչպես է մտածում ու ինչ են ուզում անել: Համենայն դեպս` ես ուզում եմ, որ իմ Հանրային հեռուստաընկերությունն այդպիսին չլինի», -Panorama.am-ի տեղեկացմամբ, այսօր Ազգային ժողովում Հեռուստատեսության և ռադիոյի ու Գովազդի մասին օրենքներում կատարված փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ իր եզրափակիչ ելույթում հայտարարեց արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:
 Նրա ակնարկն ուղղված էր ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին, որն իր ելույթում նկատել էր, որ այս օրինագծերով կառավարությունը փորձում է նվաստացնել Հանրային հեռուսաընկերությանը` գովազդից զրկելով և այդ գումարներն ուղղելով այլ մասնավոր հեռուստաընկերությունների:
Այնուհետև շարունակեց. «Ես ուզում եմ, որ իմ տասը տարեկան երեխան, երբ հակաբեղմնավորիչների գովազդների ժամանակ հարցնի` պապ, էդ ինչ ա, ես չկարկամեմ ու չկարողանամ պատասխանել, թե էդ ինչ ա: Ես ուզում եմ, որ իմ Հանրային հեռուստաընկերությունում բռնություն չքարոզվի: Ես չգիտեմ, թե ինչու մարդիկ հանկարծ հայտնվել են Հանրային հեռուստաընկերության պաշտպանի դերում: Ես չգիտեմ` ինչու են մարդիկ հանկարծ 2-3 հեռուստաընկերության անուն տալիս վախենում կամ կարկամում մյուսների անունները տալուց: Վախենում կամ ընդհանրապես չեն արձանագրում, որ հեռուստաընկերություններից ոմանք այսօր բրեժնևյան քարոզչամեքենայից չեն տարբերվում»:
Թովմասյանի խոսքով, տարբեր կարծիքները միմյանց չպետք է թշնամեցնեն և ամենևին էլ չպետք է տպավորություն ստեղծվի, թե ով խորհրդարանի ամբիոնից բարձր խոսեց, հետևաբար ճիշտ է խոսում: 
 «Եթե այդպես լիներ, ուրեմն ամենաճիշտ խոսողը մեր երևանյան բակերում ժավել ծախող էն տիկինը կլիներ, որովհետև երկու բառ է ասում, բայց ամենաբարձրն է ինքը գոռում: Էդպես չէ: Ես ուզում եմ, որ Հանրային հեռուստաընկերությունը դառնա նմուշօրինակ»,-հավելեց Թովմասյանը:

Ամբողջական հոդվածը սկզբնաղբյուր կայքում: