Հրայր Թովմասյանը լիազորագրով վաճառված ավտոմեքենաների մասին լավ լուր հայտնեց

27/03/2014

Ոստիկանությունը վերջերս հայտարարել էր, որ այն մեքենաները, որոնք լիազորագրով, կամ ժողովրդի ասած՝ «դավերնստով» են վաճառվել, նոր տերն էլ իր հերթին էր վերավաճառել, եւ հիմա նախկին տերը ընդհանրապես տեղեկություն չունի ուր է իր մեքենան, նույնպես պետք է պարտադիր ապահովագրություն անցնեն: Դա առաջացրել էր մի շարք քաղաքացիների դժգոհությունները: Այսօր կառավարության նիստին հաջորդած բրիֆինգում արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն ասաց, որ կառավարությունը որոշել է մինչեւ այս տարվա վերջ վարչական պատասխանատվություն չկիրառել եւ ոստիկանության օգնությամբ գտնել, հայտնաբերել այդ մեքենաները եւ օգնել ավտոմեքենաների հիմնական սեփականատերերին, որպեսզի այս վիճակից դուրս գան: Հրայր Թովմասյանի համոզմամբ՝ այս խնդիրը 90 տոկոսով կլուծվի: Ինչ վերաբերում է տեսանկարահանող սարքերին, որոնք արձանագրում են վարորդների խախտումները, եւ վարորդների պնդմամբ՝ այդ տուգանքներն արդարացի չեն, նախարարն ասաց, որ այդ խնդիրն ուսումնասիրելուց հետո հնարավոր է՝ տարբերակում մտցվի, հաշվի առնելով՝ ինչո՞ւ է կատարվել խախտումը, ասենք օրինակ՝ ամուսինը հղի կնոջը հասցնելուց է եղել հիվանդանոց եւ այդ պատճառով անցել է կարմիր լույսի տակով, իսկ մեկ ուրիշը կարմիր լույսով անցել է՝ իրեն պատկերացնելով արտոնյալ: Նման դեպքերում, նախարարի խոսքերով, տուգանքը կիրառելիս տարբերակում կդրվի: Կուսումնասիրվի, թե ճանապարհային երթեւեկության նշաններն ինչ տեղերում են դրված, քանի որ այդ հարցի վերաբերյալ, ըստ Հրայր Թովմասյանի, նույնպես վարորդներից կա օբյեկտիվ դժգոհություն: Նախարարը կարծում է, որ մեքենայի ղեկին հեռախոսով խոսելու կամ ծխելու դեպքում տուգանքի չափը պետք է բարձրացվի: 

Աղբյուր՝ Առավոտ http://www.aravot.am/2014/03/27/444672/