Վարչապետը ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմին ներկայացրեց նորանշանակ նախարարին

05/05/2014

 Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմին ներկայացրեց ՀՀ արդարադատության նորանշանակ նախարար Հովհաննես Մանուկյանին: Վարչապետը շնորհակալություն հայտնեց նախկին նախարար Հրայր Թովմասյանին արդյունավետ աշխատանքի ու համագործակցության համար: «Այն բարեփոխումները, որ սկսել է Հրայր Թովմասյանը, մենք անպայման շարունակելու ենք և ավարտին ենք հասցնելու: Համոզված եմ՝ նորանշանակ նախարար պարոն Մանուկյանն իր փորձն ու գիտելիքները կներդնի Արդարադատության նախարարության բոլոր խնդիրները լուծելու համար»,- ասաց Հովիկ Աբրահամյանը՝ ևս մեկ անգամ շնորհավորելով Հովհաննես Մանուկյանին:

 ՀՀ արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանը շնորհակալություն հայտնեց վարչապետին, շնորհավորեց նորանշանակ նախարարին՝ նշելով, որ Հովհաննես Մանուկյանն իր ընկերն ու վաղեմի բարեկամն է: «Նորանշանակ նախարարին ցանկանում եմ բեղմնավոր աշխատանք՝ ի բարօրություն մեր երկրի: Շնորհակալություն եմ հայտնում իմ բոլոր աշխատակինցերին երեք ու կես տարվա ընթացքում միասին աշխատելու համար: Շնորհակալ եմ նաև ՀՀ Նախագահին ու վարչապետին այս տարիների աշխատանքի, ինչպես նաև իմ ցանկությունն ու խնդրանքը հարգելու՝ ՀՀ կառավարությունում աշխատանքս այլևս չշարունակելու համար»,- ասաց Հրայր Թովմասյանը:

 Նախարար Հովհաննես Մանուկյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ Նախագահին ու վարչապետին վստահության համար: «ՀՀ կառավարության կարևորագույն օղակներից մեկի՝ Արդարադատության նախարարության առջև լուրջ խնդիրներ են դրված: Նախարարությունն ունի շատ լավ կադրեր, որոնց հետ համատեղ կաշխատենք: Կարծում եմ՝ կշարունակենք նաև բոլոր այն լավ ավանդույթները, որոնք եղել են»,- նշեց Հովհաննես Մանուկյանը:

ՀՀ Նախագահի հրամանագիրը՝ Հ. Մանուկյանին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար նշանակելու մասին: