ՀՀ ԱՆ ՔԿՎ պարզաբանումը՝ hetq.am-ում հրապարակված նամակին

20/05/2014

 13.05.2014թ. hetq.am էլեկտրոնային կայքում տեղադրվել էր ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ցմահ դատապարտյալ Արման Իսկանդարյանի մոր՝ Մանյա Հովսեփյանի նամակը՝ ուղղված ՀՀ արդարադատության նախարարությանը և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին: Նամակում դատապարտյալ Ա. Իսկանդարյանի մասին մասնավորապես գրված է. «Ոտքի պրոթեզավորումը կատարվել է պետպատվեր, բայց պրոթեզը խնդիր ունի, դրա տակ արյուն է հավաքվում, մի ձեռնափայտ էին տվել, այն էլ տղաս ընկել է և այն կոտրվել է: Երբ տղաս նամակ է գրում իր առողջական վիճակի մասին ՄԻ պաշտպանին, արդարադատության նախարարին, բանտից այդ նամակները դուրս չեն գալիս, որ իրենց բացերը ջրի երես դուրս չգան»:

 Վերոհիշյալ նամակի կապակցությամբ հայտնում ենք, որ ցմահ ազատազրկման դատապարտված Արման Իսկանդարյանը դեռևս 23.06.2006թ.-ից ճանաչվել է 2-րդ կարգի ցմահ հաշմանդամ: Վերջինս 2013թ. դեկտեմբեր ամսին դիմել է հիմնարկի բժշկական սպասարկման բաժին՝ ամպուտացված ոտքի փոխադրի (պրոթեզի) ձևափոխման պատճառով: Պրոթեզավորման կենտրոնից հրավիրված մասնագետը կատարել է ծայրատի չափագրում, որից երեք օր անց փոխադիրը տեղադրվել է: Դատապարտյալը հայտնել է, որ փոխադիրը նորմալ է, սակայն 15 օր անց կրկին բողոքել է, թե փոխադիրը վատ է պատրաստված: Ա. Իսկանդարյանի կարիքները ժամանակավորապես հոգալու համար տրամադրվել է հենակ, որը հաջորդ օրը դատապարտյալը կոտրել է, պահանջելով նորը:

 27.02.2014թ. ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ է հրավիրվել պրոթեզիստ Կ. Մնացականյանը, որն ուսումնասիրել է փոխադիրը և այն գնահատել նորմալ ու օգտագործման համար պիտանի: Դատապարտյալ Ա. Իսկանդարյանը վիճաբանել է մասնագետի հետ, վիրավորել նրան և դուրս հրավիրել: Այդ ընթացքում հայտարարել է, որ անհետացել է իր հենակը, ինչը կրկին հայտնաբերվել է կոտրված վիճակում:

 2014թ հունվարի 1-ից առ այսօր դատապարտյալի կողմից ներկայացված դիմումները պատշաճ կերպով առաքվել են հասցեատերերին

  1. 14.02.2014. – ՀՀ նախագահի աշխատակազմ
  2.  12.05.2014թ. – ՀՀ գլխավոր դատախազություն
  3. 12.05.2014թ. – Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազություն:

Հավելենք, որ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին և ՀՀ արդարադատության նախարարին դատապարտյալի կողմից դիմում չի հասցեագրվել:

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին