Աշխատանքային քննարկում բաժնետիրական իրավունքի վերաբերյալ

27/05/2014

 Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում մայիսի 26-ին մեկնարկել է բաժնետիրական իրավունքի (Company Law) ոլորտին առնչվող օրենսդրական հարցերի աշխատանքային քառօրյա քննարկումը: Այն իրականացվում է «ԵՄ օրենսդրության և դատական համագործակցության ոլորտում քաղաքականության համապատասխանեցման գործընթացի և Թարգմանությունների կենտրոնի համար դատաիրավական ոլորտին առնչվող եզրաբանական կարողությունների զարգացում» Թվինինգ ծրագրի շրջանակներում: Քննարկմանը մասնակցում են շահագրգիռ մարմինների ներկայացուցիչներ ՀՀ դատական դեպարտամենտից, ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական գրանցման գործակալությունից, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, ինչպես նաև փաստաբաններ:

Հանդիպումը վարում է գերմանացի փորձագետ Քրիստիան Այխոլցը: Աշխատանքային հանդիպման ընթացքում շարունակվում են ԱՊՀ երկրների Միջխորհրդարանական վեհաժողովի կողմից ընդունված «Բաժնետիրական ընկերությունների մասին» մոդելային օրենքի վերաբերյալ քննարկումները՝ հետագայում ՀՀ օրենսդրության մեջ կիրարկելու նպատակով: