ՀՀ արդարադատության նախարարի ելույթը՝ Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագրի մեկնարկին

30/06/2014

 Մեծարգո պարոն վարչապետ, հարգարժան պարոն Բրեդլի, տիկնայք և պարոնայք,

 Հայաստանում իրականացվող սահմանադրական և դատաիրավական բարեփոխումների գործընթացին համահունչ առավել արդիական է դարձել մարդու իրավունքների իրական պաշտպանությունն ապահովող համակարգերի ամրապնդումը: Սահմանադրության ուժով սահմանափակված լինելով մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքներով եւ ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք, պետությունը սեփական իրավական համակարգը պետք է զարգացնի՝ առանցքում ունենալով մարդուն և նրա արժանապատվությունը: Իսկ այդ խնդրի իրականացման համար պետք է առկա լինեն անհրաժեշտ իրավական կարգավորումներ և դրանց պահանջների կատարմանն ուղղված անհրաժեշտ գործիքակազմ: Այս իմաստով կարևոր առանցքային նշանակություն ունեցավ հանրապետության նախագահի կարգադրության հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող միջոցառումների միասնական ծրագրի հաստատումը Կառավարության կողմից սույն թվականի փետրվարի 27–ին:

 Մեր կառավարությունը ևս այդ ծրագիրը համարում է իրավունքների պաշտպանության ոլորտում միասնական և համակարգված քաղաքականության իրականացման կարևորագույն գործիք, որը նպատակ ունի ապահովել Սահմանադրությամբ և միջազգային պայմանագրերով Հայաստանի առջև դրված խնդիրների լիարժեք իրականացումը: Այս ծրագրի իրականացման կարևոր երաշխիք է համակարգված համագործակցությունը բոլոր շահագրգիռ կողմերի հետ: Առաջնահերթ, ի նկատի ունեմ համագործակցությունը միջազգային գործընկերների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Վերջիններիս աջակցությունը մենք համարում ենք անգնահատելի, քանի որ կօգնի առավել լիարժեք իրականացնել ծրագրի դրույթները:

 Արդարադատության նախարարությունը, լինելով ծրագրի իրականացման համար պատասխանատու հիմնական մարմինը, անհրաժեշտ է համարում նաև համագործակցված աշխատանքը պետական հաստատությունների հետ: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Մարդու իրավունքների պաշտպանի, ոլորտային նախարարություններին, իրավապահ մարմիններին և այլն: Ծրագրի կառուցվածքն այնպիսին է, որ, կարծում եմ, ընդհանուր առմամբ թույլ կտա իրականացնել առաջադրված խնդիրները: Մասնավորապես, կարևորում եմ թիրախները կամ ծրագրի գործողության ոլորտները՝ առողջության պահպանման և կյանքի իրավունք, կրթության, սոցիալական ապահովության իրավունք, խոշտանգումների և վատ վերաբերմունքի այլ ձևերից ազատ լինելու իրավունք և այլն: Միաժամանակ, ծրագրով սահմանված միջոցառումները չեն հավակնում սպառիչ լինելուն. ծրագիրը ենթակա է անընդհատ զարգացման և փոփոխության՝ ժամանակի պահանջներին համապատասխան: Այն կենդանի փաստաթուղթ է, որը պետք է գտնվի անընդհատ զարգացման ու կատարելագործման մեջ:

 Ավելին, մեր կողմից արդեն իսկ ձեռնարկվում են միջոցներ, որոնք ուղղված են ծրագրի որոշակի դրույթներ փոփոխելուն և իրականացման տեսանկյունից դրանք առավել առարկայական դարձնելուն: Այլ կերպ ասած, ծրագրի իրականացումը պետք է լինի շարունակական և ընթանա փուլային զարգացումներով: Շնորհավորում եմ բոլորիս այս կարևոր համատեղ միջոցառման կապակցությամբ և լիահույս եմ, որ այս միջոցառմամբ սկիզբ առնող գործողությունները անգնահատելի դրական ազդեցություն կթողնեն Հայաստանում մարդու իրավունքների իրական և արդյունավետ պաշտպանության համակարգի ամրապնդման տեսանկյունից: Շնորհակալություն