Սենատորի հետ քննարկվել են արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումները

01/07/2014

 Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Արման Թաթոյանը հուլիսի 1-ին ընդունել է Հավայի նահանգի սենատոր Սյուզան Չուն Օքլանդին և «Սոցիալական արդարություն» ՀԿ նախագահ Արշակ Գասպարյանին: Կողմերը քննարկել են ոլորտում իրականացվող բարեփոխումներն ու զարգացմանն ուղղված հեռանկարները:

 Արման Թաթոյանը անդրադարձել է մասնավորապես Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծին, դրանով նախատեսված այլընտրանքային խափանման միջոցների կիրառմանը, որի համար աշխատանքային խմբի անդամներն ուսումնասիրել են նաև միջազգային փորձը՝ հասկանալու համար՝ որքանո՞վ է այս կամ այն նորամուծությունը կիրառելի հայաստանյան իրականության մեջ:

 Նախարարի տեղակալը հյուրին ներկայացրել է նաև երեկ մեկնարկած Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագրի դրույթները՝ ընդգծելով, որ այն լրացնելու է Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների համակարգն ու խթանելու է գործնականում իրավունքների առավել արդյունավետ պաշտպանությունը:

 Սենատորը հետաքրքրվել է Հայաստանում քաղաքացիական հասարակության՝ պետական կարևորագույն հարցերում մասնակցությունն ապահովելուն ուղղված աշխատանքներով: Ի պատասխան նախարարի տեղակալ Արման Թաթոյանը տեղեկացրել է, որ ՀՀ արդարադատության նախարարությունը, կարևորելով քաղաքացիական հասարակության դերն ու նշանակությունը, ստեղծել է ՀՀ արդարադատության նախարարին կից հանրային խորհուրդ, որտեղ և քննարկվելու են հասարակական կազմակերպություններին մտահոգող հարցերը, որոնց արդյունքները կարող են էական ազդեցություն ունենալ համապատասխան օրենսդրական ակտը մշակելու ժամանակ:

 Սյուզան Չուն Օքլանդը բարձր է գնահատել ոլորտում իրականացվող աշխատանքներն ու պատրաստակամություն հայտնել հետագա համագործակցության համար: