ՀՀ պատվիրակությունն ուսումնասիրել է պրոբացիայի և այլընտրանքային պատիժների կիրառման վրաստանյան փորձը.hra.am

07/07/2014

 2014 թ. հունիսի 30-ից հուլիսի 2-ը տեղի է ունեցել ՀՀ տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներից կազմված պատվիրակության այցը Վրաստան, որի նպատակն էր ուսումնասիրել վրաստանյան փորձը պրոբացիոն ծառայության ներդրման և գործարկման, ինչպես նաև՝ ազատազրկման հետ չկապված պատիժների կիրառման ոլորտում:

 Hra.am-ի տեղեկացմամբ, այցը կազմակերպվել էր «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպության և Միջազգային բանտային բարեփոխումներ (PRI) միջազգային կազմակերպության կողմից՝ ներկայումս իրականացվող «Ազատազրկման հետ չկապված պատիժների խթանումը Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Միավորված ազգերի կազմակերպության ժողովրդավարության հիմնադրամի կողմից: Պատվիրակությունը կազմում ընդգրկված էին ՀՀ դատական համակարգի, Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի և իրավական բարեփոխումների վարչության, ինչպես նաև` Եվրոպայի խորհրդի և «Քաղաքացիական հասարակության ինստիտուտի» ներկայացուցիչներ:

 Այցի ընթացքում պատվիրակության անդամները հանդիպել են Վրաստանի Արդարադատության նախարարության աշխատակիցների, Պատիժների կիրառման և պրոբացիայի փոխնախարարի, պրոբացիոն ծառայության պետի և աշխատակիցների, Վերաքննիչ դատարանի դատավորների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

 Պրոբացիոն գործակալության պետը ներկայացրել է Վրաստանի պրոբացիոն ծառայության ներդրման պատմությունը, անցած ուղին, խնդիրները և մշակված լուծումները, ծանոթացրել է հետագա ծրագրերին: Պատվիրակությունն այցելել է պրոբացիոն ծառայության տարածքային բյուրոներից մեկը, որտեղ հնարավորություն է ունեցել անմիջականորեն ծանոթանալ ծառայության գործունեության առանձնահատկություններին, տեխնիկական սարքավորումներին և աշխատակիցների հիմնական գործառույթներին:

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում: