Քննարկվել են քաղաքացիական հասարակություն-պետական հատված համագործակցությանն առնչվող հարցեր

18/07/2014

 ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանն այսօր մասնակցել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ տեղի ունեցած կլոր սեղան-քննարկմանը, որի նպատակն է սատարել Հայաստանի` Բաց կառավարման գործընկերության շրջանակներում ստանձնած պարտավորությունների իրականացմանը:

 Սուրեն Քրմոյանը կարևորել է քաղաքացիական հասարակության նշանակությունը՝ ընդգծելով, որ պետությունը պարտավոր է ստեղծել այնպիսի մեխանիզմներ, որով քաղաքացիները և կազմակերպությունները հնարավորություն կունենան մասնակցելու կառավարման գործընթացներին: Նա նշել է, որ կառավարման մարմինները պետք է լինեն հաշվետու և թափանցիկ, ինչը հնարավորություն կընձեռի առավել կատարելագործել իշխանություն-քաղաքացիական հասարակություն երկխոսությունն ու նպաստել մարդու տեղեկատվություն ստանալու իրավունքի սպասարկմանը:

 ՀՀ արդարադատության նախարարի տեղակալն անդրադարձել է նաև Կառավարության և Արդարադատության նախարարության կողմից իրականացվող ծրագրերին առնչվող տեղեկատվության մատչելիությանը՝ շեշտելով, որ պետական մարմինները ձգտում են առավել թափանցիկ դարձնել իրենց աշխատանքները:

 Սուրեն Քրմոյանը կարևորել է նաև էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրումը, որի արդյունքում բարձրացել է պետական կառավարման աշխատանքների արդյունավետությունը:

 ՀՀ կառավարության և «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» (ԻԱԿ)  հասարակական կազմակերպության հետ համատեղ կազմակերպված միջոցառումը երկխոսության հարթակ է կառավարության և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների միջև՝ քննարկելու Բաց կառավարման գործընկերություն նախաձեռնությունում Հայաստանի՝ 2014-2016 թթ. Գործողությունների ծրագրի նախագիծը: