|09.02.2010| «ԱՔՍԱ» ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
09/02/2010
«Աքսա» Ֆրանսիական ապահովագրական ընկերության կողմից ցեղասպանության զոհերի ժառանգներին տրվող փոխհատուցման գումարների հետ կապված հարցի նկատմամբ մեծ հետաքրքրությունը նկատի ունենալով, ՀՀ արդարադատության նախարարությունը օրեր առաջ դիմել է «Աքսա» կարգավորող հանձնաժողովի գործադիր տնօրեն Բարսեղ Գարթալյանին: Վերջինս հայտնել է, որ ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Կենտրոնական շրջանային դատարանի դատավոր Քրիստինա Սնայդերի կողմից ընդունված որոշմամբ հաստատվել են ընդամենը 996 իրավահաջորդների դիմումները: Այդ որոշումը վերջնական է և ենթակա չէ բողոքարկման: Այսպես, հանձնաժողովը ստացել էր 13790 դիմում (մոտ 3840-ը ուղարկվել էր ՀՀ արդարադատության նախարարության կողմից), որից մերժվել է 12794-ը` համապատասխան փաստաթղթերի բացակայության պատճառով: Հասցեատերերի անուններն, ըստ երկրների, դեռևս ենթական չեն հրապարակման, սակայն երկու շաբաթվա ընթացքում բոլորին, այդ թվում նաև նրանց, ում դիմումները մերժվել են, նամակներ կուղարկվեն: Ըստ Բարսեղ Գարթալյանի որոշումները պատրաստ էին դեռևս 2009 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին, բայց տեխնիկական պատճառներով դատարանի որոշումը կայացվեց միայն 2010 թվականի հունվարի վերջին:
Խոսքը ընդհանուր առմամբ 17.5 միլիոն դոլլարի մասին է, որից 11 միլիոն 350 հազարը տրվելու է ժառանգորդներին, իսկ մնացած գումարը նախատեսված է բարեգործական ընկերությունների և դատական ծախսերի համար: