|16.03.2010| ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԱՐԲԻՏՐԱԺԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՍԵՄԻՆԱՐ
16/03/2010
2010 թվականի փետրվարի 26-ին ՀՀ արդարադատության նախարարության նախաձեռնությամբ կազմակերպվեց առևտրային արբիտրաժի վերաբերյալ սեմինար-քննարկում: Սեմինարը վարում էր ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Ն. Առուստամյանը: Քննարկմանը մասնակացում էին ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի աշխատակիցներ և այլ հաստատություններից (ՀՀ Փաստաբանների պալատ, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատ, Հայաստանի Հանրապետությունում եվրոպական միության պատվիրակություն, ՀՀ դատական դեպարտապենտ) հրավիրված անձինք: Սեմինարի ընթացքում ելույթ ունեցան “Gpartners” իրավաբանական գրասենյակի գործընկերներ Սարգիս Գրիգորյանը և Հայկ Ռուբենյանցը «Առևտրային արբիտրաժը միջազգային փաստաթղթերի տեսանկյունից» թեմայի վերաբերյալ: ՀՀ արդարադատության նախարարության վերահսկողության վարչության աշխատակից Էլեանորա Տարախչյանը սեմինարի ընթացքում ներկայացրեց «Առևտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքը: Այնուհետև սեմինարի մասնակիցները անցան քննարկման և հարց ու պատասխանների միջոցով ամփոփեցին սեմինարի արդյունքները: 2010 թվականի մարտի 9-ին «Գործընկերություն Հանուն Բաց Հասարակության Նախաձեռնության» կազմակերպության աջակցությամբ ՀՀ արդարադատության նախարարության կողմից կազմակերվեց առևտրային արբիտրաժի վերաբերյալ հերթական սեմինար-քննարկումը, որը տեղի ունեցավ Կոնգրես հյուրանոցում` Պիկասո սրահում: Քննարկմանը մասնակացում էին ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի աշխատակիցներ և այլ հաստատություններից (ՀՀ Փաստաբանների պալատ, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատ, Հայաստանի Հանրապետությունում եվրոպական միության պատվիրակություն, ՀՀ դատական դեպարտապենտ, ՀՀ ֆինանսական հաշտարար) հրավիրված անձինք: Կազմակերպված սեմինարները ողջունվեցին և արժանացան բարձր գնահատականի ներկա գտնվողների կողմից: ՀՀ Առևտրային արբիտրաժի մասին սեմինար-քննարկումները կկրեն շարունակական բնույթ:
