|24.03.2010| ԱՅՑԵԼԵԼ Է ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ
24/03/2010
Վերջին ժամանակաշրջանում ԴԱՀԿ ապահովող ծառայության Գեղարքունիքի մարզային բաժնի վարույթում գտնվող կատարողական վարույթների քանակը աճել է մինչև 1040-ի: Ընդ որում, դրանց կեսը կենտրոնացած է Վարդենիս-Մարտունի բաժանմունքում:
Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության պատվիրակությունը ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանի գլխավորությամբ աշխատանքային այցով մեկնեց Գեղարքունիքի մարզ:
Պատվիրակության անդամները տեղում ծանոթացան ԴԱՀԿ ապահովող ծառայության Գեղարքունիքի մարզային բաժնի ծառայողների աշխատանքային պայմաններին: Աշխատակիցների մասնակցությամբ Սևան քաղաքում տեղի ունեցավ խորհրդակցություն: Ընթացքում, մարզային բաժնի ծառայողների կողմից ներկայացվեցին մի շարք խնդիրներ և առաջարկություններ, որոնց լուծումը միտված է հարկադիր կատարողների գործունեության արդյունավետության բարձրացմանը: Մասնավորապես, տարածքային խնդիրներ ունեն Գավառ և Ճամբարակ քաղաքների հարկադիր կատարողները: Սևանում առկա է վերանորոգման խնդիր: Ճամբարակի տարածաշրջանի սփռվածությունը խնդիր է առաջացնում ծառայողներին տրանսպորտային միջոցներով ապահովելու առումով: Որոշակի խնդիրներ առաջ քաշվեցին կապված համակարգչային տեխնիկայով հագեցման իմաստով:
ՀՀ Գլխավոր հարկադիր կատարողի ցուցումով վերը նշված խնդիրները լուծում կստանան մոտակա ժամանակներում: «Ես եկել եմ այստեղ, որ Ձեր խնդիրների մասին լսեմ հենց Ձեզանից, հասկանամ ինչի կարիք ու պակաս ունեք: Ի վերջո, խելացի մտքերն ու նախաձեռնությունները միայն վերևից չեն գալիս: Դուք պետք է լավ պատկերացնեք, թե ինչպես կարելի է նպաստել տեղում Ձեր գործի արդյունավետության բարձրացմանը», - նշեց Մ.Պողոսյանը: Ծառայողները ներկայացրեցին դիտողություններ և առաջարկություններ, կապված օրենսդրական դաշտի բարեփոխման և ծառայողական պայմանների բարելավման հետ: