|28.09.2007| 3:1 ՀԱՇՎՈՎ ՀԱՂԹԵՑ ՀՀ ԱՆ «ՍԵՎԱՆ» Ք/Հ-Ի ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ԹԻՄԸ
28/09/2007

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, սեպտեմբերի 27-ին, «Էրեբունի» մարզադաշտում տեղի ունեցավ ՀՀ ԱՆ «Սևան» և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկների դատապարտյալների ֆուտբոլային հանդիպումը: Այս անգամ ևս խաղն անցավ մեծ ոգևորությամբ և բարձր կազմակերպվածությամբ: Խաղի հենց առաջին իսկ րոպեներից նկատվում էր երկրպագուների ոգևորությունը, որն արտահայտվում էր բացականչություններով և անդադար ծափահարություններով:
ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ, արդարադատության գեներալ-մայոր Աշոտ Մարտիրոսյանի հավաստմամբ, մրցաշարի ավարտից հետո, լավագույն ֆուտբոլիստ-դատապարտյալներին տրամադրվելու է կարճաժամկետ արձակուրդ: Հավանաբար սա էր այն շարժառիթներից մեկը, որ ֆուտբոլիստ-դատապարտյալները իրենց չէին խնայում` խաղը հետաքրքիր, արդյունավետ և հաղթական անցկացնելու համար:
Հանդիպման առաջին խաղակեսում գրանցվեց 1:1 հաշիվ, իսկ արդեն երկրորդում, «Սևան» քրեակատարողական հիմնարկի թիմը տարավ 3:1 հաշվով հաղթանակ:
Ֆուտբոլային խաղը նախաձեռնել էր ՀՀ արդարադատության նախարարությունը, նախարար Գևորգ Դանիելյանի աջակցությամբ: Օժանդակել էին Քրեակատարողական վարչությունը, «Աջակցության դատապարտվածներին» հիմնադրամը, Էրեբունի համայնքի ղեկավարությունը և «Էրեբունի» սպորտդպրոցը: