| 08.07.2010 | Միջազգային համաժողով Սանկտ Պետերբուրգում
08/07/2010
Ս.թ. հուլիսի 6-ից 8-ը Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքում կայացավ միջազգային գիտագործնական համաժողով` <Դատարանների եւ այլ մարմինների որոշումների հարկադիր կատարումը: Պաշտոնատար անձանց իրավասությունները կատարողական գործողություններ իրականացնելիս> խորագրով, որին մասնակցում էր նաեւ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պատվիրակությունը` ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանի գլխավորությամբ: Համաժողովին հրավիրված էին 17 երկրների հարկադիր կատարման կառույցների պատվիրակություններ, մասնավորապես` Գերմանիաից, Բելառռւսից, Լատվիայից, Լիտվայից, Էստոնիայից, Ֆինլանդիայից, Իսրայելից, Չեխիայից, Ադրբեջանից: Համաժողովի ընթացքում կայացավ փորձի փոխանակում, քննարկվեցին միջազգային համագործակցությանը վերաբերվող տարրաբնույթ հարցեր, նախանշվեցին համագործակցության զարգացման հեռանկարները:
Իր զեկույցում Մ.Պողոսյանը անդրադարձավ ՀՀ-ում հարկադիր կատարման գործընթացն ապահովող օրենսդրության ձեւավորմանն ու զարգացմանն առնչվող որոշ առանցքային հիմնահարցերի: Իր խոսքում նա առանձին անդրադարձավ հարկադիր էլեկտրոնային աճուրդի կազմակերպման ներկայումս գործող համակարգին (www.ajurd.am), ընդգծեց համակարգի զարգացման միտումները և դրանց կյանքի կոչման հնարավոր ուղիները: ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը մասնավորապես նշեց. <Համակարգի կատարելագոծմանն ուղղված օրենսդրական բարեփոխումները այսօր ծառայության համար շարունակում են մնալ արդիական: Հայաստանի անկախությունից ի վեր անցած ճանապարհը, դրանից քաղված դասերը, դատաիրավական բարեփոխումների առաջին փուլում ստեղծված կառույցների գործունեության փորձը և դրանց համադրումը համաշխարհային փորձի հետ մեզ բերում են հետևյալ համոզման. առանց համապատասխան ամբողջական, համալիր, գիտականորեն և գործնականորեն հիմնավորված հայեցակարգի մշակման, ցանկացած բարեփոխում, այդ թվում և օրենսդրական, դատապարտված է անհաջողության: Այս կարևորագույն ու բարդ խնդրի լուծման համար որոշակի ողջամիտ ժամանակ է պահանջվում: Անցկացվելիք արմատական դատաիրավական բարեփոխումների համատեքստում անհրաժեշտ է մշակել ու ընդունել մարդու բնական իրավունքների ու ազատությունների առաջնայնության վրա կառուցված, հայրենական դրական փորձը հաշվի առնող, արտասահմանյան ժողովրդավարական, իրավական պետությունների դատավարական ինստիտուտները օգտագործող համակարգ: Կատարողական վարույթներով տարբեր երկրների օրենսդրությունների ներդաշնակեցումը, անշուշտ, կնպաստի կոնկրետ երկրի սահմաններից դուրս առանձին կատարողական գործողություններով իրավական օգնության արդյունավետ միջոցների և երաշխիքների կիրառմանը>: