| 21.07.2010 | ԱՐԲԻՏՐԱԺԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆԸ` ԿԱՅԱՑՄԱՆ ՓՈւԼՈւՄ

21/07/2010

«Արմենպրես»-ի մամուլի սրահում 20.07.2010թ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում, որն առնչվում էր Հայաստանի արբիտրաժային դատարանի կայացման հիմնախնդիրներին, ՀՀ արդարադատության նախարարության Եվրաինտեգրման վարչության պետ Արթուր Հովհաննիսյանը նշեց. «Մարդու իրավունքների պաշտպանությունը եւ արդարադատության մատչելիության ապահովումը Հայաստանում իրականացվող դատաիրավական բարեփոխումների կարեւորագույն դրույթներից են»: Նա ընդգծեց նաև, որ այս ուղղությամբ կարևորվում է ՀՀ Նախագահի 2009թ. կարգադրությամբ հաստատված Դատաիրավական բարեփոխումների ռազմավարական գործողությունների ծրագիրը, որով առանձնակի ուշադրություն է դարձվում նաև վեճերի լուծման այլընտրանքային միջոցների խրախուսմանը: Այս ուղղությամբ որոշակի աջակցություն է ստացվել նաև Եվրոպայի Միության կողմից, որի ֆինանսավորմամբ 2009թ. հոկտեմբերին մեկնարկեցին «Բյուջետային աջակցություն դատաիրավական ոլորտի բարեփոխումներին» և «Աջակցություն արդարադատության մատչելիությանը» ծրագրերը: Այս ծրագրերում կարևորվում է արբիտրաժային համակարգի կատարելագործումը: Միաժամանակ, համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող դատաիրավական բարեփոխումների 2-րդ փուլի ծրագրում ևս նախատեսված են միջոցառումներ առևտրային արբիտրաժի զարգացման ուղղությամբ: Այս առումով որպես գործընկեր է հանդիսանում G Partners ընկերությունը` Անգլիական ինստիտուտի հետ համատեղ: Հայաստանի Հանրապետության առեւտրաարդյունաբերական պալատին կից մշտապես գործող Արբիտրաժային դատարանի գլխավոր քարտուղար Արմեն Ոսկանյանը խոսեց Արբիտրաժային դատարանի եւ Հայաստանում վերջինիս կայացման գործընթացի մասին, նշելով, որ արբիտրաժային գործընթացը հիմնվում է կողմերի միջեւ կնքված պայմանագրում ամրագրված համապատասխան արբիտրաժային վերապահման եւ կամ արբիտրաժային համաձայնության վրա: G Partners ընկերության գործընկեր Սարգիս Գրիգորյանը ներկայացրեց Արբիտրաժային դատարանի առանձնահատկությունները: Հիմնական 2 սկզբունքներից մեկն անկողմնակալության ապահովումն է` կապված վեճը լսող արբիտրների հետ: Սա ամրագրված է օրենքով: Կարեւորվում է ժամանակի գործոնը` վեճի լուծումը հնարավորինս կարճ ժամկետներում: Երկրորդ կարեւոր սկզբունքը կողմերի ազատությունն է` մշակելու վեճի լուծման եղանակները` սկսած կանոններից, արբիտրների ընտրությունից մինչեւ գործընթացի վայրի եւ լեզվի ընտրությունը: Նվազագույնի է հասցվում ծախսատարությունը` հնարավորինս շահավետ պայմաններ ստեղծելու գործարարների համար առկա խնդիրը լուծելու նպատակով: Առավելություններից հատկանշական է նաեւ կողմերի կողմից իրականացվող վերահսկողության եւ դատարանների սահմանափակ մասնակցության պայմանը: Որպես կանոն, պետական դատարանը չի միջամտում Արբիտրաժային դատարանի գործունեությանը: Կարեւոր նախապայման է նաեւ գաղտնիությունը: Նշվեց նաեւ, որ հիմնականում վեճերը լուծվում են կողմերի փոխհամաձայնությամբ: ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատին կից մշտապես գործող Արբիտրաժային դատարանի արբիտր Արգամ Նազանյանը մեկնաբանեց արբիտրաժի գործընթացում հոգեբանական գործոնը, բացատրելով, որ արբիտրաժային տրիբունալի կազմն ընտրում են կողմերը: Որպես փաստաբան, Ա. Նազանյանը նկատեց, որ առեւտրային հարաբերությունների մեջ գտնվող տեղացի եւ օտարերկրյա կողմերից միշտ վերջինն է առաջարկում արբիտրաժային համաձայնության մասին: