| 22.07.2010 | Քրեակատարողական հիմնարկներում մահացության դեպքերի ուսումնասիրության արդյունքների մասին
22/07/2010
Արդարադատության նախարարության աշխատակազմի վերահսկողության վարչության կողմից քրեակատարողական հիմնարկներում` մահացության դեպքերի առնչությամբ կատարված ուսումնասիրության արդյունքներով, բացահայտվել են մի շարք կազմակերպաիրավական խնդիրներ, որոնց առնչությամբ արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանի կողմից ձեռնարկված միջոցառումները ներկայացված են ստորև: Միաժամանակ, արդարադատության նախարարը արդյունքների մասին հանգամանալից զեկուցագիր է ներկայացրել Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին:
Ուսումնասիրության համար ընտրվել է 2010թ 1-ին կիսամյակը: Նշված ժամանակահատվածում արձանագրվել է դատապարտյալների մահացության 10 դեպք: Բոլոր դեպքերով արձանագրվել է, որ մահվան պատճառը պայմանավորված չէ սուբյեկտիվ գործոններով, ավելին` բազմաթիվ դեպքերում բարեխիղճ, կազմակերպված ու համակարգված աշխատանքի արդյունքում կանխվել է բազմաթիվ դատապարտյալների առողջական վիճակի վատթարացումը և էապես բարելավվել է բուժսպասարկման վիճակը: Սակայն պարզվել է, որ նշված մահվան դեպքերում քրեակատարողական հիմնարկների իրավասու պաշտոնատար անձինք և քաղաքացիական բուժհաստատությունների մասնագետները, այնուամենայնիվ, թույլ են տվել խախտումներ, որոնք առավել խոցելի են դարձրել իրավիճակը: Միաժամանակ, քննարկման առարկա հարցի առնչությամբ առկա են որոշ խնդիրներ, որոնց լուծումը պայմանավորված է ոչ միայն իրավական, այլև` ֆինանսատնտեսական և կազմակերպական գործոններով:
Ուսումնասիրության արդյունքներով արձանագրվել են հետևյալ թերություններն ու իրավախախտումները`
1) խախտվել են Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ մայիսի 26-ի թիվ 825 որոշման պահանջները` ստորաբաժանման բժիշկ-մասնագետների կողմից առնվազն շաբաթը մեկ անգամ դատապարտյալներին այցելելու վերաբերյալ,
2) առանձին դեպքերում քաղաքացիական բուժհաստատությունների մասնագետների կողմից տրվել են ոչ ճիշտ ախտորոշումներ, ինչի հետևանքով տևական ժամանակով դատապարտյալների բուժումը կազմակերպվել է անարդյունավետ: Այսպես, Ռ. Մարտիրոսյանի առնչությամբ <Մալաթիա> բժշկական կենտրոնում տրված ախտորոշումը, որը շուրջ 4 ամիս հիմք է հանդիսացել բուժման կուրս իրականացնելու համար, հետագայում հերքվել է` միջգերատեսչական բժշկական հանձնաժողովի եզրակացությամբ,
3) հաճախ չի արձանագրվել, թե կոնկրետ հիվանդին որ բժիշկն է ցուցաբերել անհրաժեշտ բուժօգնություն և ինչ հաճախականությամբ (այս պահանջը ևս ամրագրված է կառավարության վերոհիշյալ որոշմամբ),
4) արձանագրվել են պատիժը կրելու հետ անհամատեղելի ճանաչված ծանր հիվանդություններով տառապող դատապարտների կարգավիճակին առնչվող հարցերը միջգերատեսչական բժշկական հանձնաժողովի նիստերում անհարկի ուշացումներով քննարկման առարկա դարձնելու դեպքեր,
5) ոչ միշտ է բուժումն իրականացվել հիվանդների հիվանդության պատմության փաստաթղթերում արձանագրված ելակետային տվյալներին խիստ համապատասխան, մասնավորապես, որոշ հիվանդությունների առնչությամբ համարժեք բուժման կուրսեր չեն նշանակվել,
6) առանձին դեպքերում մահվան փաստի վերաբերյալ սահմանված կարգով վերլուծություն չի կատարվել և համապատասխան եզրակացություն չի արվել, ինչը որակվում է որպես վերը նշված Կարգի 66-րդ կետի 7-րդ ենթակետի պահանջների խախտում,
7) որոշ դեպքերում սահմանված կարգով կազմված եզրակացություններով ուղեկցված հարկադիր բուժման վերաբերյալ ներկայացված միջնորդությունները բավարար չեն համարվել դատարանների կողմից: Այսպես, դատապարտյալ Ս. Կարոյանի առնչությամբ ներկայացվել է միջնորդություն, որին կցվել է դատահոգեբուժական փորձաքննության եզրակացություն, ըստ որի վերջինս տառապում է <Օրգանական զառանցական (շիզոֆրենոնման) խանգարում> հիվանդությամբ և կարիք ունի հատուկ հսկողության` հոգեբուժական բաժանմունքի պայմաններում, մինչդեռ դատարանը գտել է, որ հոգեբուժական բաժանմունքում բուժումը շարունակելու հիմքերը ՙպատշաճ ու հստակ չեն՚: Կարճ ժամանակ անց հիվանդը դիմել է ինքնասպանության:
8) Արձանագրվել են քրեակատարողական հիմնարկներից անհարկի ուշացումներով <Դատապարտյալների հիվանդանոց> ՔԿՀ, ինչպես նաև քաղաքացիական բուժհաստատություններ տեղափոխելու դեպքեր,
9) դատապարտյալներից ոմանք տևական ժամանակով չեն ենթարկվել բուժզննումների: Օրինակ, դատապարտյալ Մ.Մաթևոսյանը շուրջ 3 տարի չի ենթարկվել բուժզննման, ինչը բացառել է ծանր հիվանդությունը ժամանակին հայտնաբերելու և առավել արդյունավետ միջոցներ ձեռնարկելու հնարավորությունը,
10) բժշկական փաստաթղթերը վարվում են գործավարության կոպիտ խախտումներով: Մասնավորապես, առկա են անստորագիր փաստաթղթեր, անամսաթիվ էպիկրիզներ, առանց սահմանված կարգով ձևակերպված գործուղումների քրեակատարողական հիվանդանոց տեղափոխելու դեպքեր:
Միաժամանակ հայտնվում է, որ քրեակատարողական համակարգում դատապարտյալների բուժսպասարկումը հավուր պատշաճի իրականացնելու համար անհրաժեշտ են որոշ լրացուցիչ միջոցներ, որոնց առնչությամբ սահմանված կարգով պատրաստվում ենք հայտ ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն: Բուժսարքավորումների և պայմանների առնչությամբ առկա խնդիրների լուծման անհրաժեշտությունը վերջերս արձանագրվեց նաև միջազգային իրավասու կառույցների կողմից:
Վերը նշված խախտումների առնչությամբ սահմանված կարգով տեղեկատվություն է ուղարկվել, ինչպես արդեն նշվեց, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն: Որոշ դեպքերով արդեն իսկ ժամանակին սահմանված կարգով պատրաստվել են նյութեր և հարուցվել են քրեական գործեր: Միաժամանակ, արդարադատության նախարարի կողմից կոնկրետ հանձնարարականներ են տրվել քրեակատարողական վարչության պետին` սեղմ ժամկետում արձանագրված խախտումների ու թերությունների համար պատասխանատու անձանց կարգապահական պատասխանատվության ենթարկելու, իրավախախտումների պտճառներն ու դրանց նպաստող պայմանները շուտափույթ վերացնելու և համարժեք կազմակերպաիրավական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ: