|04.02.2011թ|ՔԿԱԳ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՏՐՎԵԼ Է ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆ
04/02/2011
«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ գործադիր տնօրեն Նաիրա Առաքելյանի` ՔԿԱԳ մարմինների տարածքային բաժիններում առկա թերությունների, ինչպես նաև իրականացվող աշխատանքների առնչությամբ քաղաքացիների դժգոհությունների վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարին ուղղված 17.01.2011 գրությանն ի պատասխան, նախարարության ՔԿԱԳ գործակալության պետ Հմայակ Նավասարդյանը տեղեկացնում է, որ կարևորելով նամակում բարձրացված հարցերը մեկ անգամ ևս համապատասխան հանձնարարական է ուղարկվել տարածքային բաժիններին:
«Արմավիրի զարգացման կենտրոն» ԿՀ գործադիր տնօրեն Նաիրա Առաքելյանն իր նամակում, մասնավորապես շեշտել էր, որ կատարված ուսումնասիրությունների և վերլուծությունների արդյունքում պարզել են, որ ՔԿԱԳ տարածքային որոշ բաժիններում բնակչությանը մատուցվող ծառայությունները ոչ պատշաճ մակարդակով է իրականացվում, նշված բաժիններին դիմող շատ քաղաքացիներ տեղեկացված չեն պետական գրանցումների և փաստաթղթերի ստացման համար օրենքով սահմանված պետական տուրքերի չափերի, դիմումների լրացման կարգի և փաստաթղթերի տրամադրման ժամկետների մասին:
Արդյունքում`« Վարչական մարմինների ղեկավարներն ու աշխատակիցները, չարաշահելով պաշտոնական դիրքը, ստեղծում են բազամթիվ կոռուպցիոն ռիսկեր»:
ՀՀ արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալությունն էլ իր հերթին է ուսումնասիրել հարցը և պարզել, որ «Առանձին ՔԿԱԳ բաժիններում չի կատարվել գործակալության 21.07.2009 թվականին տրված հանձնարակականի պահանջը», ինչն էլ քաղաքացիների իրավացի դժգոհությունների և բողոքների համար առիթ է հանդիսացել:
Ուստի բնակչությանը մատուցվող ծառայությունների արդյունավետությունը բարձրացնելու, քաղաքացիների իրավունքները պաշտպանելու, իրականացվող գործառույթների թափանցիկությունը և տեղեկատվության մատչելիությունն ապահովելու, կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու նպատակով հանձնարարվել է `
ՔԿԱԳ բաժնում `քաղաքացիների համար տեսանելի վայրերում փակցնել.
ա/ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված քաղաքացիական ակտերի գրանցման և տեղեկանքների տրամադրման համար նախատեսված պետական տուրքի դրույքաչափերը,
բ/ ՀՀ կառավարության որոշումներով հաստատված քաղաքացիական կացության ակտերի գրառման դիմումների ձևաթղթերի նմուշները,
գ/ ՔԿԱԳ բաժնի աշխատանքի օրերը և ժամերը:
Հանձնարարվել է նաև խստորեն պահպանել քաղաքացիների կողմից պահանջվող փաստաթղթերի տրամադրման և դիմումների քննարկման համար օրենքով նախատեսված ժամկետները:
Եթե հայտնաբերվեն հանձնարարականի պահանջները չկատարելու դեպքեր, միջնորդություն կներկայացվի տվյալ համայնքի ղեկավարին` ՔԿԱԳ աշխատանքները պատշաճ կազմակերպելու նպատակով անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ: