ՀՀ ԵՎ ԼՂՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՍՏՈՐԱԳՐՎԵՑ ՀՈՒՇԱԳԻՐ
03/12/2007
Նոյեմբերի 30-ին, Ստեփանակերտում, Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարությունների միջև հուշագիր ստորագրվեց, ինչը, նախարարների խոսքերով, կհանդիսանա նախարարությունների միջև համալիր հարցադրումներով համագործակցության սկիզբ:
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պատվիրակության, նախարար Գևորգ Դանիելյանի գլխավորությամբ, երկօրյա աշխատանքային այցի շրջանակներում քննարկվեցին համագործակցության հետ կապված մի շարք հարցեր և ստորագրվեց համագործակցության հուշագիր: Ստորագրված հուշագրի մի մասը վերաբերում է ամենամյա համագործակցության միջոցառումներին, ինչպես նաև նախատեսվում է կարճաժամկետ ծրագրերի մշակում` առավել հրատապ խնդիրների լուծման համար:Նշված ծրագրերի հիմնադրույթները կոնկրետացնելու նկատառումով բանակցություններ են վարվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Վարչապետի, արտաքին գործերի նախարարի և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ:
Նախարար Գեւորգ Դանիելյանը հուշագրի կետերից առանձնացրել է օրենսդրության հետ կապված խնդիրները. «Սա կլինի առաջին քայլը, եւ, բնականաբար, դրանով չի ավարտվի համագործակցությունը, քանի որ մենք շատ կարևոր ենք համարում նաև կադրերի պատրաստումը եւ վերապատրաստումը: Թեպետ օրենսդրությունների միջեւ տարբերություններ եւ տարաձայնություններ կան, բայց հիմնական եւ ընդհանուր դրույթները կադրերի վերապատրաստման հնարավորություն են տալիս: Կադրերի վերապատրաստման ընթացքում հաշվի կառնվեն նաեւ օրենսդրությունների առանձնահատկությունները, ինչը կնպաստի համատեղ աշխատանքի բարելավմանը»: