|15.02.2011թ|Հանրային քննարկման է դրվում ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի հայեցակարգը:
15/02/2011
Հաշվի առնելով ՀՀ Սահմանադրության պահանջները և ՀՀ միջազգայնորեն ստանձնած պարտավորությունները, ՀՀ արդարադատության նախարարությունը նախաձեռնել է ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի մշակման գործընթաց:
Առկա են բոլոր այն օբյեկտիվ նախադրյալները (իրավական, տնտեսական, սոցիալական, քաղաքական և այլն), որոնց ամբողջությունը թույլ է տալիս խոսել ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի մշակման անհրաժեշտության մասին: Նախաձեռնության հեղինակների կարծիքով, անցած տասնամյակի ընթացքում ունեցած արդյունքների ամփոփման, քաղած դասերի վերլուծության և թույլ տրված սխալների ուղղման տրամաբանական ավարտը պետք է լինի հայեցակարգային հիմքերի վրա դրված, գիտատեսական հիմնավորումներով հագեցած և գործնական փորձով ամրապնդված քրեական դատավարության նոր օրենսգրքի մշակումն ու ընդունումը:
Նախագծի մշակումը դիտարկվում է որպես ՀՀ քրեադատավարական օրենսդրության բնականոն զարգացման յուրահատուկ փուլ, ինչը պետք է հնարավորություն ընձեռի խուսափել թռիչքաձև ցնցումներից և ապահովել համեմատաբար ավելի սահուն անցում մեկ համակարգից մյուսին:
ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի հայեցակարգը մշակել է իրավաբան-գիտնականններից կազմված աշխատանքային խումբը: Քննարկումներին մասնակցել են դատախազության, արդարադատության նախարարության, դատական իշխանության, ոստիկանության, փաստաբանների պալատի ներկայացուցիչներ:
Ձեր առաջարկություններն ու նկատառումները կարող եք ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեով. info@moj.am
Հայեցակարգին կարող եք ծանոթանալ այստեղ