|08.04.2011թ| ՄԱՄՈւԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈւԹՅՈւՆ
08/04/2011
«Ինտերնետով հրապարակային ծանուցման մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան, 2011 թվականի ապրիլի 7-ից սկսել է գործել Հայաստանի Հանրապետության ինտերնետային ծանուցումների պաշտոնական կայքը` www.azdarar.am: Կայքի վարումը, տեխնիկական սպասարկումը, կայքում տեղեկատվության զետեղման հետ կապված հարցերի քննարկումը և կայքի հետ կապված այլ հարցերի լուծումը իրականացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը:
Հայաստանի Հանրապետության ինտերնետային ծանուցումների պաշտոնական կայքի ստեղծումը պայմանավորված է 2007 թվականի ապրիլի 9-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընդունված և 2007 թվականի մայիսի 4-ին Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից ստորագրված «Ինտերնետով հրապարակային ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, որի երկրորդ հոդվածում ասվում է. «Օրենքով կամ նորմատիվ իրավական այլ ակտով սահմանված այն դեպքերում, երբ նախատեսվում է հրապարակային ծանուցում` տեղեկատվությունը մամուլում հրապարակելու միջոցով, տեղեկատվությունը պարունակող հայտարարությունը պետք է տեղադրվի նաև http://www.azdarar.am հասցեով գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում (այսուհետ` կայք)»: Նշված օրենքի պահանջների իրականացումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության Կառավարությունը 2011 թվականի փետրվարի 17-ին ընդունել է N174-Ն որոշումը «Ինտերնետով հրապարակային ծանուցման ենթակա հայտարարության ընդունման, կայքը վարող անձին փոխանցման, կայքում հայտարարությունների տեղադրման և արխիվացման ժամկետների սահմանման կարգը և հայտարարության տեքստը ներկայացնելու էլեկտրոնային ձևաչափը հաստատելու մասին»: