|26.04.2011թ| ՄԱՄՈւԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈւԹՅՈւՆ

26/04/2011

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության նախաձեռնությամբ, այլընտրանքային պատիժների կատարման բաժնում հաշվառված թվով 23 անչափահաս դատապարտյալ ապրիլի 22-ին այցելեցին Ծիծեռնակաբերդ` հարգանքի տուրք մատուցելու Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին: Ծաղիկներ դնելով զոհերի հուշակոթողին, անչափահասներն այցելեցին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ: Անչափահաս դատապարտյալները շրջեցին թանգարանի սրահներով, ուշադրությամբ դիտեցին ցուցադրված նկարները, Եղեռնի մասին պատմող տեսանյութերը: Անչափահասները մեծ հետաքրքրությամբ ունկնդրեցին թանգարան-ինստիտուտի աշխատակցի ամփոփ մեկնաբանությունները հայ ժողովրդի պատմության ամենածանր էջերի մասին: Ճանաչողական այցից հետո անչափահաս դատապարտյալները թողեցին իրենց գրառումները Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հուշամատյանում` անկեղծ հույս հայտնելով, որ այլևս նման ոճիր չի կրկնվի աշխարհի որևէ երկրում: