|10.05.2011թ| ՊՍԱԿԱԴՐՈւԹՅՈւՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՈւՄ
10/05/2011
Մայիսի 6-ին ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի «Սուրբ Սարգիս» անունը կրող մատուռում քրեակատարողական ծառայության հոգևոր տեսուչ Տեր Ռուբեն աբեղա Զարգարյանի ձեռամբ և ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Արամ Սարգսյանի աջակցությամբ տեղի ունեցավ քրեակատարողական հիմնարկներում նախադեպը չունեցող արարողություն: Դատապարտյալ Արսեն Համբարձումյանը վերին օրհնությամբ իր կյանքը կապեց Լիլիթ Իսրայելյանի հետ: Քանի որ նրանք մկրտված չէին, Աստծո ավազանում նախ օծվեցին սուրբ մկրտությամբ, ապա տեղի ունեցավ պսակադրության արարողությունը: Պսակադրությանը մասնակցում էին նաև նորապսակների հարազատները, որոնք արարողությունից հետո, տոնական սեղանի շուրջ, իրենց բարեմաղթանքները հղեցին նորապսակներին: Սույն արարողությունը չէր կարող անտարբեր թողնել քրեակատարողական վարչության ղեկավարությանը: ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ, գեներալ-գնդապետ Հայկ Հարությունյանը նորապսակներին նույնպես աննախադեպ ընծա արեց. յոթ օր կարճաժամկետ մեկնում տրամադրվեց Արսենին` ըստ էության որպես հետ ամուսնական արձակուրդ: Նախաձեռնությունը բացառիկ է նրանց համար, ովքեր իսկապես ուղղվելու, վերադաստիրակվելու ճանապարհին են: Արսենն, իրապես, այդ հավակնությունն ունի: Ի վերջո, մարդու վերադարձը հանցավոր թմբիրից, մեղքերի հորձանուտից բարոյահոգեբանական առողջ մթնոլորտ` նշանակում է կյանքն ապրելու վերաարժևորում, վերագտնում հասարակության մեջ, ընտանիքում և այլուր: Հույս ունենք, որ այս միջոցառումը խթան կդառնա հետագայում Արսեն Համբարձումյանի ընտանիք վերադառնալուն` նոր ուժերով ու առավել իմաստացած: Հավելենք, որ դատապարտյալ Արսեն Համբարձումյանի պատժի կրման օրացուցային ավարտին մնացել է շուրջ երկու տարի:
