|19.05.2011թ|Նախարարի առաջին տեղակալ Գրիգոր Մուրադյանի հարցազրույցը ԱԶԳ օրաթերթին
19/05/2011
[b][center]ՆՈՏԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՃԱՐՆԵՐԸ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԿԼԻՆԵՆ[/center][/b]
Նոտարական համակարգում կամայականությունների եւ կոռուպցիոն բացահայտ դրսեւորումների մասին մեր թերթում մի քանի անգամ անդրադարձել ենք: Հրապարակումներում նշել էինք նոտարների կողմից նոտարական գրանցման ծառայության սակագինը մի քանի անգամ գերազանցող ապօրինի գումարներ պահանջելու, դրա դիմաց որեւէ անդորրագիր չտրամադրելու, նոտարական վավերացման ենթակա փաստաթղթի տեքստի համակարգչով հավաքելու անհեթեթ գների մասին:
Արդարադատության նախարարության արձագանքը մեր հրապարակումներին հակասական է եղել: Նախորդ նախարարը մի կողմից փաստորեն հերքում էր մեր նշած երեւույթների առկայությունը նոտարական համակարգում, մյուս կողմիցՙ նշում, որ այս ոլորտում բարեփոխումներ են կատարվելու: Մեկ տարի առաջ խոստացված բարեփոխումների փաթեթը, սակայն, նոր է նախատեսվում կյանքի կոչել:
Ի՞նչն է փոխվելու եւ ինչպե՞ս են լուծվելու բնակչության համար պատուհաս դարձած հիմնախնդիրները նոտարական համակարգում, հետաքրքրվեցինք արդադարատության նախարարի առաջին տեղակալ Գրիգոր Մուրադյանից: Ըստ փոխնախարարի, մարդկանց մտահոգող հիմնականՙ ապօրինի վճարների գանձման երեւույթը վերացնելու համար արդարադատության համակարգում նախ ստեղծվելու է օրինականության վերահսկողության տեսչություն, որը հետեւելու է, որպեսզի նոտարները պահպանեն սահմանված սակագները: «Մյուս կողմիցՙ այդ սակագները ենթարկվելու են որոշակի փոփոխությունների եւ դարձվելու են ավելի իրատեսական», նշեց Գրիգոր Մուրադյանը:
Նոտարական ծառայությունների սակագները միջակա՞յք են ունենալու, թե՞ սահմանվելու են ֆիքսված սակագներ: Մեր այս հարցի առնչությամբ փոխնախարարն այն կարծիքը հայտնեց, որ անձամբ ինքը կնախընտրեր, որ սակագներն ունենային միջակայք, որը մրցակցություն կստեղծեր նոտարների միջեւ: «Սակայն այստեղ խնդիր կա, քանի որ նոտարները սովորաբար հակված են պայմանավորվելու եւ ամենաբարձր սակագինը սահմանելու», նշեց նա եւ ասաց, որ այս փուլում հավանաբար կսահմանվեն առանց միջակայքիՙ միասնական սակագներ: Ընդ որում, սակագները վերանայվելու են այնպես, որ դրանք բավարար լինեն նոտարների արդյունավետ գործունեության համար: Սակագները վերանայելիս հաշվի են առնվել նաեւ նոտարական պալատի առաջարկությունները:
Վճարումները նոտարական ծառայության համար կատարվելու են տեղում, բայց ոչ թե առձեռն նոտարին, այլ գրասենյակում տեղադրվելիք էլեկտրոնային տերմինալների միջոցով: «Ավելի ճիշտ չէ՞ր լինի, որ վճարումները կատարվեին բանկում» հարցին Գրիգոր Մուրադյանը պատասխանեց, որ ծառայությունների վճարները սովորաբար տեղում են արվում, «թեեւ բանկում վճարելը նույնպես տարբերակ է»:
Նոտարական գրասենյակների մեկ այլ անհեթեթությունը պայմանագրերի տեքստի հավաքման գներն են, 1 էջը 2500-3000 դրամ: Այն դեպքում, երբ մեկ համակարգչային էջի շարվածքի շուկայական գինը 200-300 դրամ է: Գրիգոր Մուրադյանի հավաստմամբ, այս հարցն էլ կլուծվի, եւ այդ վճարը կընդգրկվի նոտարի ծառայության ընդհանուր վճարի մեջ: «Գուցե որոշ չափով հավելավճար լինի, հաշվի առնելով կոնկրետ գործի բարդությունը, ծավալը եւ այլն: Իհարկե, այստեղ եւս պետք է հսկողություն իրականացվի, որպեսզի սակագները ողջամիտ լինեն», ասաց մեր զրուցակիցը:
Նոտարական ծառայությունների գները կտեղադրվե՞ն արդարադատության նախարարության պաշտոնական կայքում, նկատի ունենալով, որ այժմ դրանք տեղադրված չեն: Մեր այս հարցին Գրիգոր Մուրադյանը պատասխանեց, որ նոր սակագները անպայման կտեղադրվեն կայքում: Նրա կարծիքով, դա տեղի կունենա, երբ այս փոփոխություններն ընդունվենՙ ամենայն հավանականությամբ առաջիկա մեկ ամսվա ընթացքում: «Երբ դա լինի, մենք կիրազեկենք քաղաքացիներին, կառաջարկենք նաեւ հավելյալ վճարներ պահանջողների մասին հայտնել «թեժ գծին»: Հավաստիացնում եմ, որ նման դեպքերն առաջացնելու են նախարարության անմիջական արձագանքը»:
«Տեղյա՞կ է արդարադատության փոխնախարարը սպասվող բարեփոխումներից նոտարների դժգոհության մասին», մեր վերջին հարցին նա հետեւյալ պատասխանը տվեց. «Այդ դժգոհությունները լակմուսի թուղթ են, որը ցույց է տալիս, որ մենք ճիշտ ուղու վրա ենք: Դրանք ապացուցում են, որ բարեփոխումները լինելու են իրական, այլ ոչ թե ձեւականՙ իմիտացիոն»:
Մեզ մնում է հուսալ, որ դա այդպես էլ կլինի, եւ մեր քաղաքացիների արդարացի դժգոհության եւս մեկ օջախ կվերանա: [center][/center]