|25.05.2011թ| ՄԱՄՈւԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈւԹՅՈւՆ
25/05/2011
Լրատվության առանձին միջոցներով հրապարակվել է «Համաներումն արժե 1000 դոլար» վերտառությամբ, էժանագին բամբասանքների ընտրանի: Զրպարտության տարածման իրենց համար շահավետ մոլուցքն այն աստիճանի է հասել, որ որոշ քաղաքական ուժերին ծառայելու առաքելությունը բթացրել է որոշ լրատվամիջոցների` հանրությանն օբյեկտիվ տեղեկություն մատուցելու հիմնական առաքելությունը:
Այսպես. իրավական առումով անգրագետ բամբասանքում տեղ են գտել այնպիսի անլուրջ տողեր, ինչպիսիք են, օրինակ՝ քրեակատարողական հիմնարկների սոցիալ-հոգեբանական և իրավական աշխատանքների բաժինների կողմից իբր դրական բնութագրերի պատրաստման համար գումարներ պահանջելը: Հեղինակը նույնիսկ չի տիրապետում համաներմանը վերաբերող տարրական գիտելիքների: Պատճառն ակնհայտ է. համաներում կիրառելուց բնութագրերն ըստ էության որևէ դեր չեն կատարում: Նույնն է նաև քրեակատարողական հիմնարկների անվտանգության ապահովման բաժնի աշխատակիցների կողմից իբր գումար պահանջելու մասին տեղեկությունը:
Նույնքան անտրամաբանական է նաև հրապարակված սպասվող համաներման արդյունքում պատժից ազատավողների քանակը, ըստ որի, նրանք իբր չորս հարյուրն են: Թե ինչու ոչ հինգ հարյուրը կամ երկու հարյուրը, կարծում ենք, որ գիտե միայն դրա հնարողը: Միգուցե ինքը հենց այդ թիվն է սիրում կամ հենց չորս հարյուր բամբասանք է հասցրել տարածել մինչ օրս:
Հավելենք, որ համաներումը կտարածվի բոլոր այն անձանց հանդեպ, ում նկատմամբ հարուցված քրեական հետապնդումները կհամնկնեն համաներման ակտով նախատեսված արարքներին, և այս պարագայում հրապարակել տեղեկություն, թե քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալը կալանավորներից գումար է պահանջում, որպեսզի օրենքը կիրառի, ապա դա ոչ այլ ինչ է, քան հիվանդ երևակայության արդյունքում ծնված և էժանագին եղանակով տարածված սուտ: