|27.05.2011թ| ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈւԹՅՈւՆ
27/05/2011
«Հելսինկյան Ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Միքայել Դանիելյանի հրավիրած մամլո ասուլիսում վերջինս մի շարք տեղեկություններ է հայտնել, որոնք որևէ աղերս չունեն իրականության հետ:
Այսպես, կազմակերպության նախագահն ասուլիսում շարունակել է խեղաթյուրել փաստեր, որոնք սկիզբ էին առել դեռևս 2010թ.-ին քրեակատարողական հիմնարկներում իրենց կազմակերպության կողմից անցկացված մոնիտորինգի արդյունքների հրապարակմամբ:
Նշենք, որ նախորդ տարում մոնիտորինգ իրականացնելու համար Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից տրվել էր համաձայնություն և միաժամանակ առաջարկվել էր մոնիտորինգի արդյունքները ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն: Թեև կազմակերպությունը որևէ առարկություն չէր ներկայացրել այս առնչությամբ, սակայն փաստացի չէր կատարել այդ առաջարկը: Բացի այդ, իրականացված մոնիտորինգից հետո կազմակերպության նախագահը հարկ չէր համարել որևէ քննարկում սկսել քրեակատարողական ծառայության հետ, որի արդյունքում կստանար պաշտոնական և մասնագիտական մեկնաբանություն, իսկ թերությունների հայտնաբերման դեպքում դրանց շտկման համար քրեակատարողական ծառայության ղեկավարության կողմից կտրվեին համապատասխան հանձնարարականներ:
Միջազգային փորձն ուսումնասիրելու արդյունքում կազմակերպության նախագահը կիմանար, որ մոնիտորինգի անցկացման դասական մոդելն ու նպատակը թերությունների օբյեկտիվ հայտնաբերումն է և դրանց վերաբերյալ կառուցողական առաջարկներ ներկայացնելը, մինչդեռ կազմակերպությունը որդեգրել է իրավիճակի իբր ուսումնասիրում և իրականության խեղաթյուրում, որն էլ հայտարարվել է հրապարակավ` հորինվածքը իրականության փոխարեն հրամցնելու նպատակով:
Կազմակերպության որդեգրած «քաղաքականության» համատեքստում էլ մենք դիտարկում ենք Մ.Դանիելյանի այն հերթական հերյուրանքը, թե իբր իր տեղեկություններով ՀՀ արդարադատության նախարարը մինչև սեպտեմբեր արգելել է իրավապաշտպան կազմակերպությունների մուտքը քրեակատարողական հիմնարկներ: