|31.05.2011թ| ՀԱՄԱՆԵՐՈՒՄԸ ԵՎ ԲԱՑԱՌՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԸ
31/05/2011
[center][b]Արդարադատության նախարարի խորհրդական ՆԻԿՈԼԱՅ ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆԻ հարցազրույցը «Հայոց աշխարհ» օրաթերթին [/b][/center] -Պարոն Առուստամյան, հանրապետության նախագահի առաջարկով եւ Ազգային ժողովի որոշմամբ հայտարարված համաներման արդյունքում ի՞նչ հանցագործություն կատարածները մասնակի կամ ամբողջությամբ կազատվեն, եւ ո՞ր հանցատեսակներին այն չի վերաբերի: -Այս հարցին պատասխանելու համար պետք է օգտագործենք բացառման սկզբունքը: Համաներումը հստակ սահմանում է բոլոր այն հանցատեսակները, որոնցից գեթ մեկը կատարելու դեպքում դատարանի օրինական դատավճիռը ոչ մի դատապարտյալի նկատմամբ որեւէ ձեւով չի մեղմվի: Միշտ էլ կա դոմինանտ հանցագործությունների նման խումբ: Համաներում չի կիրառվում, օրինակ, առանձնապես վտանգավոր ռեցիդիվի, սպանության, անձի կյանքի եւ առողջության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերում: Այս կարգի երկրորդ խումբը գույքային հանցագործություններն են: Առանձնակիորեն շեշտադրված են ավազակությունը, կողոպուտը: Դոմինանտ հանցագործությունների երրորդ խումբը` նարկոթրաֆիքն է կամ մաքսանենգությամբ թմրանյութ ներմուծելն ու իրացնելը: Համաներումը կիրառելի չէ նաեւ մի քանի ընտրված թիրախների դեպքում: Այս ցանկում են կոռուպցիան, փողերի լվացումը, կաշառակերության որոշ դրվագները: Բացառությունների ցանկում չընդգրկված դեպքերից բացի` մնացած բոլոր դեպքերում համաներումը կիրառվում է: Համաներման այդ ակտի պարագայում հատկանշական է, որ հստակ սահմանված է նաեւ, թե որ դեպքերում այն ինչ ձեւով կամ չափով է կիրառվում: Համաներումը, իհարկե, ռազմավարական փաստաթուղթ չէ, բայց տեսանելի է որոշակի կատեգորիաների նկատմամբ տրամաբանությունը, որ նրանք համաներման հույս չունենան: Հետեւաբար համաներման, ինչպեսեւ ներման ժամանակ գործում է ոչ այնքան բացառությունների իրավաբանական տրամաբանությունը, որքան ներողամտությունը եւ նպատակահարմարությունը: Այս առումով համաներման եւ ներման ինստիտուտները որեւէ օրենսդրական, իրավական սահմանափակում չունեն: Համապատասխան լիազորությամբ օժտված անձը, մեր դեպքում` հանրապետության նախագահը, ողջամտության սահմաններում, կարող է ներում շնորհել անգամ ցմահ դատապարտված անձին: Նույն ողջամտությունը գործում է նաեւ համաներման որոշում ընդունելու պարագայում: -Ո՞րն է համաներման իրավաբանական նպատակահարմարությունը: Միայն ազատազրկման վայրերը բեռնաթափելու խնդի՞ր կար, թե՞ այլ նպատակ նաեւ նկատի ունենք: -Մեր երկրի 12 քրեակատարողական հիմնարկներում ընդհանուր առմամբ կա 4395 տեղ, բայց այսօր ազատազրկված է 5076-ը: Դատապարտյալների թվաքանակը մեր երկրի բնակչության թվի համեմատ այնքան էլ մեծ չէ, բայց միջին ցուցանիշից բարձր է: Այս ցուցանիշը մտահոգիչ է միայն քրեակատարողական հիմնարկները չգերբնակեցնելու առումով: Եթե մենք ունենանք անհրաժեշտ պայմաններ բոլոր դատապարտյալներին պատշաճ կենսական պայմաններում պահելու համար, ապա այս ցուցանիշը ոչ մի խնդիր չի առաջացնի: Հետեւաբար մենք առավելապես ու շեշտադրված կարեւորել ենք համաներման իրավաբանական, իրավական ու հոգեբանական հանգամանքները: -Ինչո՞ւ է համաներումը կիրառելու ժամանակ սահմանված` մինչեւ սեպտեմբերի 21-ը: -Համաներման ակտը, ըստ Ազգային ժողովի որոշման, կիրառվեց պաշտոնական հրապարակումից անմիջապես հետո: Այս պարագայում կոռուպցիոն որոշակի երեւույթներ բացառելու ուղղակի նպատակ էր հետապնդվում: Միաժամանակ պետք է հաշվի առնել, որ անմիջականությունը վերաբերում է մոտ չորս հարյուր այն դատապարտյալների խմբին, ովքեր պետք է ամբողջությամբ ազատ արձակվեին: Իսկ համաներման հաջորդ փուլերը իրականացնելու համար ժամանակ է անհրաժեշտ: Մասնավորապես համաներում հայտարարելուց մի քանի օր առաջ Ազգային ժողովը շատ կարեւոր փոփոխություն եւ լրացում կատարեց Քրեական օրենսգրքում, որոնց հիման վրա բազմաթիվ դատավճիռներ պետք է վերանայվեն: Այսօր դեռ շարունակվում է համապատասխան մեխանիզմների մշակումը, որոնք պետք է արագացնեն վերանայումների գործընթացը: Միայն դատավճիռները վերանայելուց` արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող, դատապարտյալի վիճակը այլ կերպ բարելավող որոշումներ կայացնելուց հետո համաներման ակտը կարող է կիրառվել: Այլապես եթե դա չարվի, ապա, օրինակ, տասը տարով ազատազրկված ու համաներման ենթակա դատապարտյալի պատժաչափը չի կրճատվի, համաներման ակտով էլ կրճատված ժամկետը չի վերանայվի, եւ նա պակաս շահեկան վիճակում կհայտնվի: Կա նաեւ դատապարտյալների մի խումբ, որոնց նկատմամբ համաներումը կարող է կիրառվել` միայն տուժողին հասցված վնասը ամբողջությամբ փոխհատուցելուց հետո: Հետեւաբար այս գործողությունները կատարելու համար որոշակի ժամանակ է պետք հատկացնել, ինչն էլ արված է: -Ովքե՞ր, ո՞ր մարմիններն են իրականացնելու պատժաչափերը վերանայելու գործառույթները: -Համաներման ակտը տարբեր պետական մարմինների` դատարանների, նախաքննական ու հետաքննական մարմինների, արդարադատության նախարարության ու քրեակատարողական հիմնարկների, կարգապահական գումարտակի, այլոց համար որոշակի պարտավորություններ է սահմանում: Համաներման ակտը հստակ սահմանել է, թե որ դեպքերում ովքեր եւ ինչ ժամկետներում ինչպիսի գործողություններ պետք է կատարեն` համաներման պահանջները բավարարելու համար: Սահմանված ժամկետը ավելի շատ այս մարմինների համար է, քանի որ համաներման պահանջները ցանկացած դեպքում կատարվելու են: [i][b]Հասկանալի է, որ բազմաթիվ քաղաքացիների մեջ տարաբնույթ հարցեր կարող են առաջանալ նաեւ իրենց ազատազրկված հարազատների վերաբերյալ, իսկ դրանց շատ դժվար է պատասխանել առանց տվյալ անձի կոնկրետ գործը ձեռքի տակ ունենալու: Նման դեպքերում նպատակահարմար է դիմել մեր քրեակատարողական ծառայության «Թեժ գծի» օգնությանը [size=15]44-22-73 հեռախոսահամարով: Իսկ վերջնական պատասխան ստանալու համար ճիշտ կլինի, որ դատապարտյալները դիմեն իրենց ազատազրկման վայրի քրեակատարողական հիմնարկի վարչակազմին:[/b][/i]
[center][/center]
