Ասուլիս. քրեակատարողական հիմնարկներում առկա խնդիրների մասին
04/06/2011
Հանրապետության քրեակատարողական հիմնարկներում գերբնակեցման խնդիրն, իրոք, գոյություն ունի եւ չի ժխտվում, սակայն երբեմն չափազանցվում են փաստերը: Այս մասին հունիսի 2-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժանմունքի պետ Արսեն Բաբայանը' անդրադառնալով ՔԿՀ-ների գերբեռնվածության մասին տարածված լուրերին: Նրա խոսքով «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գերկբնակեցման դեպքը չի կարող բնութագրական լինել բոլոր քրեակատարողական հիմնարկների համար, ինչը հաճախ արվում է տարբեր անձանց և կազմակերպությունների կողմից: Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի ղեկավար Արթուր Սաքունցը նշեց մի շարք այլ խնդիրներ, որոնք առկա են քրեակատարողական հիմնարկներում, ինչպես' օդափոխության անբավարարություն, զբոսանքի կազմակերպման, ազատ ժամանցի,արտաքին կապի' բջջայինների կիրառման հետ կապված խնդիրներ, դրանք, ըստ Սաքունցի, կոռուպցիոն ռիսկեր են պարունակում: Արձագանքելով հնչած խնդիրներին' Ա. Բաբայանը նշեց, որ քրեակատարողական վարչությունը այդ մասին չի ստացել փաստարկված դժգոհություններ' ոչ դատապարտյալների, ոչ նրանց հարազատների կողմից: Ա. Բաբայանի խոսքով' զբոսանքի հետ կապված միայն մեկ մասնավոր դեպք է գրանցվել, երբ նախնական կալանքում գտնվող անձը դժգոհում էր ցանկացած պահի զբոսնելու հնարավորություն չունենալուց, իսկ այդ պահանջը չի բխում օրենսդրությունից: Բանախոսի խոսքով' բջջային հեռախոսները լուրջ խնդիր են, դրանց կիրառման կանխարգելման ուղղությամբ լուրջ քայլեր են արվում: Շուտով համապատասխան արդյունքների առկայության դեպքում' դրանք կհրապարակվեն: Ա. Բաբայանը ժխտեց նաեւ հնչած կարծիքը, թե դատապարտյալների առողջական դրությանը բավարար ուշադրություն չի դարձվում: Նա նշեց, որ բոլոր հիմնարկներում կան բուժծառայություններ, որոնք իրավասու են որոշում կայացնելու' դատապարտյալին կամ կալանավորված անձին անհրաժեշտության դեպքում տեղափոխելու «Դատապարտյալների հիվանդանոց», ինչպես նաև քաղաքացիական հիվանդանոցներ: Ներկայումս մի քանի դատապարտյալ բուժում է ստանում հենց քաղաքացիական հիվանդանոցներում: Ա. Սաքունցի խոսքին, թե 2010-ին ՔԿՀ-ներում գրանցված 35 ինքնասպանության դեպքերը ներկայացվել են իբրեւ դժբախտ պատահարներ, Ա. Բաբայանը հակադարձեց, թե բոլոր դեպքերի մասին հանրությանը տրամադրվել է պատշաճ տեղեկատվություն, իսկ ինքնասպանությունների դեպքերում տարածվում են մամուլի հաղորդագրություններ: Ճիշտ չէ, որ մշտապես իբրեւ դժբախտ պատահար են ներկայացվել: Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, Հասարակական դիտորդների խմբի նախագահ Արթուր Սաքունցը մամուլի ասուլիսում անդրադարձավ նաև Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանի այն հայտարարությանը, որով նա կասկածի տակ է դնում դիտորդական խմբի անաչառությունը և նշում, որ այդ զեկույցները համաձայնեցվում են նախարարության հետ և դրանք անատամ են: Արթուր Սաքունցն ասաց. «Ինչ վերաբերում է դիտորդական խմբին, ապա չգիտեմ` ես կարող է ատամների հետ խնդիրներ ունեմ, բայց մեր զեկույցները հաստատ անատամ չեն: Անդրադառնալով նույն հարցին Արսեն Բաբայանը ափսոսանք հայտնեց, որ մոնիտորինգ իրականացնողները կանխակալ ատամ ցույց տալու նպատակ ունեն իրենց զեկույցներում, «Ափսոսում եմ, որ որոշ իրավապաշտպաններ ցանկանում են ատամ ցույց տալ, դա ոչ ճիշտ աշխատանքի մեթոդ է, քանի որ ատամ ցույց տալը կծելու նշան է»: Արսեն Բաբայանը հավելեց նաև, որ ՔԿՀ-ները բաց են բոլոր նրանց համար, ովքեր կցանկանան իրենց գործով օգնել ծառայությանը, վեր հանել օբյեկտիվ թերությունները և նպաստավոր լուծումներ առաջարկել, սակայն եթե մոնիտորինգ իրականցնողը նպատակ ունի խեղաթյուրել իրականությունն ու տարածել ակնհայտ սուտ տեղեկություններ, ապա նման կազմակերպությունները քրեակատարողական հիմնարկներում անելիք չունեն:
