ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ
06/06/2011
«Ազգ» օրաթերթի «Նոտարական նոր սակագները դարձյալ սանդղակով» հրապարակման մեջ տեղ են գտել նոտարների ծառայությունների սակագներին վերաբերող մի շարք հարցադրումներ, որոնք հուզում են մեր հանրությանը: Մի կողմից, հաշվի առնելով քաղաքացիների արդարացի դժգոհությունը նոտարական ծառայությունների որակի եւ ապօրինի վճարների գանձման վերաբերյալ, հարցադրումների համատեքստն ընկալելի է եւ տեղին: Մյուս կողմից, ակնհայտ է, որ արդարադատության նախարարության նպատակային բարեփոխումները միտված են հենց այդ դժգոհությունների նվազեցմանն ու կանխմանը: Այդ առումով բոլորովին անհասկանալի է լուրջ մասնագիտական վերլուծությունների փոխարենՙ փորձել հռետորական հարցադրումների միջոցով հանրության մեջ պատրանք ստեղծել, որ նախարարության նոր ղեկավարությունը միայն նոտարների համար շահավետ պայմաններ է ապահովում, որ խոսքը գործից տարբերվում է, որ ոչինչ չի փոխվել սակագների միջակայքերի առումով: Անընդունելի է նաեւ արհեստական հակասություններ որոնելու ձգտումն այն դեպքում, երբ հնարավոր էր ստանալ պարզ բացատրություններ նախարարության` հրապարակման մեջ հիշատակված պատասխանատու պաշտոնատար անձանցից:
Հարկ է հիշեցնել, որ նոտարական ծառայությունների ոլորտում ոչ թե միայն եւ բացառապես միջակայքի առկայությունն է խնդիր հարուցել, այլ հատկապես եւ առավելապես ծառայության սանդղակի վերին շեմը բազմակի գերանցող ապօրինի վճարների գանձումը որոշ նոտարների կողմից: Հանրության համար այս հանգամանքն էր, որ տեղիք էր տալիս տարակուսելու նոտարի կողմից իր լիազորությունների համարժեք կատարման հարցում:
Կառավարության հաստատած, բայց դեռեւս ուժի մեջ չմտած որոշմամբ ակնհայտորեն փոփոխվել է առավելագույն սակագնի վերաբերյալ սակագների սահմանման եւ գանձման ամբողջ հայեցակարգը:
Վերացվել է բարդ գործարքի հասկացությունը, որի քողի ներքո կարելի էր սովորականից էապես ավելի բարձր վճար գանձել անգամ ամենապարզ գործարքների վավերացման համար: Սակագները պետք է փակցված լինեն նոտարական գրասենյակներում` ի տես բոլոր այցելուների: Այդքան չարչրկված միջակայքերը էապես կրճատվել են, հավելյալ տեխնիկական ծառայությունները ներառվել սակագների մեջ: Իսկ թե ինչու այդ միջակայքերն ամբողջովին չեն վերացվել, նույնպես ունի պարզ բացատրություն: Խնդիրն այն է, որ անկախ այն հանգամանքից, թե բոլոր նոտարները թե ոչ, կան էական օբյեկտիվ գործոններ, որոնք խոչընդոտում են համընդհանուր, միատեսակ չափերի կիրառմանը բոլոր հնարավոր դեպքերում` առանց հաշվի առնելու կոնկրետ գործի բարդությունը, մատուցվելիք նոտարական ծառայության ծավալը, դրա որակական տարբերակման անհրաժեշտությունը, նոտարական գրասենյակի աշխատողների կողմից քաղաքացիներին սպասարկելու մակարդակը եւ այլն:
Այսպեսՙ «Նոտարի կողմից մատուցվող վճարովի ծառայությունների սակագները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման մեջ նոտարների վճարովի ծառայությունների դիմաց գանձվող վճարների համար նվազագույն աշխատավարձի նկատմամբ գործակցի ստորին եւ վերին շեմ նախատեսելը հնարավորություն կընձեռի նոտարին յուրաքանչյուր գործարքի վավերացման համար գանձել ծառայության վճարՙ հաշվի առնելով գործարքի առանձնահատկությունները: Օրինակ` ժառանգության իրավունքի վկայագիր տալու համար մի դեպքում նոտարը պետք է ստուգի միայն մեկ ժառանգի իրավունքներն ու ազգակցական կապը հաստատող փաստաթղթերն ու դրանց իսկությունը, իսկ մյուս դեպքումՙ մի քանի ժառանգների իրավունքներն ու ազգակցական կապերը հաստատող փաստաթղթերը եւ դրանց իսկությունը: Լինում են դեպքեր, երբ ժառանգություն ստանում են նաեւ ներկայացման կարգով:
Ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիր տալու համար նոտարը պետք է ստուգի նաեւ պարտադիր բաժնի իրավունք ունեցողների իրավունքները: Անշարժ գույքի օտարման պայմանագրերը վավերացնելիս մի դեպքում կողմերը կարող են լինել ֆիզիկական անձինք, մեկ այլ դեպքումՙ արտասահմանյան ներկայացուցչություններ: Գրավի պայմանագրեր վավերացնելիս որոշ դեպքերում կողմը ներկայացնում է ոչ թե մեկ, այլ մի քանի միավոր գույք, եւ նոտարը պարտավոր է ստուգել դրանցից յուրաքանչյուրի նկատմամբ կողմի իրավունքները:
Վերը նշված յուրաքանչյուր դեպքում նոտարը կատարում է տարբեր ծավալի եւ բարդության աշխատանք: Համաձայն Հայաստանի Հանրապետության «Նոտարիատի մասին» օրենքի 27-րդ հոդվածի 1-ին կետիՙ նոտարը Քաղաքացիական օրենսգրքով սահմանված գույքային պատասխանատվություն է կրում իր կողմից դիտավորությամբ թույլ տրված խախտումների հետեւանքով նոտարական գործողությունների համար դիմած անձանց պատճառված վնասի համար: Հետեւաբար նոտարը պետք է հնարավորություն ունենա որոշելու իր կողմից մատուցվող վճարովի ծառայությունների դիմաց գանձվող վճարների համար նվազագույն աշխատավարձի նկատմամբ գործակցի ստորին եւ վերին շեմի սահմաններում ծառայության չափը: