Պատասխան Lragir.am կայքի հրապարակմանը
15/07/2011
Ի պատասխան 2011թ հուլիսի 11-ին ձեր կայքում տեղադրված «ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՇՏԱԲՈՎ ԺՈՒԼԻԿՈՒԹՅՈՒՆ» վերնագրով «թոշակառու Անդրանիկ Բաբախանյանի» հոդվածի ներկայացնում ենք մեր պարզաբանումներն ու հիմնավորումները:
Այսպես`
Հոդվածի հեղինակը հայտարարում է, որ «Իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի և 55-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, Արդարադատության նախարարությունը պարտավոր է գրանցել և հրապարակել պաշտոնական թարգմանությունը, բայց չի գրանցել և չի հրապարակել», մինչդեռ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի նշված հոդվածներն սահմանում են միանգամայն այլ դրույթներ. «Իրավական ակտ ընդունող մարմինները պարտավոր են պահել իրենց ընդունած իրավական ակտերի հաշվառման մատյան» (89-րդ հոդվածի 1-ին մաս) և «Գերատեսչական նորմատիվ իրավական ակտերը ենթակա են պարտադիր պաշտոնական հրապարակման» (55-րդ հոդվածի 1-ին մաս):
Հեղինակի կողմից խեղաթյուրվել է վերոնշյալ հոդվածների իմաստը, քանի որ իրավական ակտի պաշտոնական թարգմանությունն իրավական ակտ չի համարվում և, հետևաբար, նշված հոդվածները չեն կարող տարածվել իրավական ակտի պաշտոնական թարգմանության վրա: Ավելին, հեղինակի համոզմունքը, որ «Նախարարը հատուկ կիրակի օր է ստորագրել պաշտոնական թարգմանությունը, որպեսզի այն իբր մոռանան գրանցել» կարելի է առնվազն անհեթեթ որակել , քանի որ այն, ինչպես նշված է www.translation-centre.am կայքում տեղադրված փաստաթղթի տիտղոսաթերթի վրա, ստորագրվել է 2010թ. նոյեմբերի 23-ին՝ երեքշաբթի:
Թոշակառու Բաբախանյանն իր բաց նամակը հեղեղել է աղավաղված մի շարք այլ մեկնաբանություններով: Ամենևին նպատակ չունենալով անդրադառնալու 34 մեկնաբանություններին` ներկայացնում ենք միայն պաշտոնական թարգմանության վերաբերյալ հեղինակի ներկայացրած դատողությունների (մեջբերում հեղինակի հոդվածից՝ «Արդարադատության նախարարությունը կեղծել է Սահմանադրության պաշտոնական անգլերեն թարգմանությունում յոթ ամենակարեւոր հոդվածներ. 51-րդ հոդված` ՀՀ նախագահին ընտրելու մասին, 50, 83.3, 83.4, 103 -րդ հոդվածներ`պաշտոնին երկու ժամկետից ավելի անընդմեջ չմնալու մասին, 74.1-րդ հոդված` Ազգային ժողովը արձակելու մասին և 110-րդ հոդված` համայնքների Հանրապետությունից առանձնացվելու մասին») ակնհայտ սխալ լինելու հիմնավորումները:
Նախ փաստենք, որ հեղինակը, վերարտադրելով Սահմանադրության 50-րդ հոդվածը («Հնարապետության Նախագահն ընտրվում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից՝ հինգ տարի ժամկետով: Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել Հանրապետության Նախագահի պաշտոնում:»), նշել է, որ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ իրավական ակտում տարբեր հասկացությունները չեն կարող օգտագործվել միևնույն տերմինով: Թեև, ինչպես նշեցինք, պաշտոնական թարգմանությունն իրավական ակտ չէ, այնուամենայնիվ, իրավական ակտերի վրա տարածվող այդ պահանջը պահպանվել է նաև թարգմանության մեջ: Հեղինակը պնդում է, որ երկու տարբեր իմաստ արտահայտող՝ «ժամկետ» և «անգամ» բառերն անգլերեն տեքստում նույնացվել են, սակայն հարկ է հաշվի առնել, որ նույն միտքը միշտ չէ, որ մեկ այլ լեզվով կարելի է արտահայտել միևնույն բառի միջոցով. նշված դրույթում գործածվող «չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել ... պաշտոնում» արտահայտությունն ունի անգլերեն ոչ տառացի թարգմանվող, իրավական լեզվում արդեն իսկ արմատավորված համարժեք տարբերակ՝ «may not be elected to the office ... for more than two consecutive terms»:
Նույնը վերաբերում է նաև Սահմանադրության 83.3, 83.4 և 103–րդ հոդվածների թարգմանությանը:
Սահմանադրության 51-րդ հոդվածի կապակցությամբ հեղինակը կարծես թե սխալ է համարում «կողմ քվեարկած», «կողմ է քվեարկել», «կողմ» բառերի համար տրված թարգմանությունները, սակայն ընտրված թարգմանությունների նպատակահարմարությունը բխում է թիրախ լեզվի լեզվական նորմերից (թարգմանությունը բնօրինակի ճշգրիտ և սպառիչ վերարտադրումն է՝ պահպանելով բնագրի իմաստային բովանդակությունը, գործաբանական արժեքը, դրա գործառական-ոճական համապատասխանությունը և ապահովելով թարգմանության նույնականությունը բնագրի հետ): Միաժամանակ, հեղինակը սխալ է համարում այն, որ «առավել թվով» բառակապակցությունը թարգմանվել է «highest number» բառակապակցությամբ՝ առաջարկելով իր պատկերացմամբ միակ ճիշտ թարգմանությունը՝ «greater number»:
Նշենք, որ «առավել թվով ձայներ» բառակապակցությունը նշանակում է «ավելի շատ ձայներ, քան իր հետ քվեարկվող մյուս թեկնածուներն առանձին-առանձին վերցրած» (Ն. Ա. Այվազյան, «Հայաստանի Հանրապետության սահմանադրական իրավունք», Երևան, 2003թ., էջ 384): Պաշտոնական թարգմանության մեջ գործածված «highest number» բառակապակցությունը ենթադրում է, որ այդ երկու թեկնածուներն ստացել են ամենամեծ թվով ձայները, այսինքն՝ ավելի շատ ձայներ, քան մյուս բոլոր թեկնածուները (կամ երկրորդ փուլի ժամանակ՝ այդ թեկնածուն ստացել է ամենամեծ թվով ձայները, այսինքն՝ ավելի շատ ձայներ, քան մյուս թեկնածուն): Ուստի, «highest number» բառակապակցությունը նույնքան ճիշտ է, որքան հեղինակի առաջարկած «greater number» բառակապակցությունը:
Սահմանադրության 74.1 հոդվածի թարգմանության մասով հեղինակը սխալ է համարում «fail to» բառակապակցությունը՝ գտնելով, որ դա նշանակում է «ի վիճակի չլինել», ինչը միանշանակ սխալ է, քանի որ վերջինս համարժեք է «not to be able» արտահայտությանը: Գրական լեզվաշերտում և մասնավորապես իրավական լեզվում հաճախ գործածվող անգլերեն «fail to do something» (կամ «failure to do something») արտահայտությունը թարգմանվում է հետևյալ կերպ՝ «թերանալ ինչ-որ բանում, ինչ-որ բան չկատարել, չանել» (տե՛ս Ջ. Ջուլֆակյան, Ն. Հեքեքյան, Կ. Անդրեասյան, «Եվրոպայի խորհրդին առնչվող տերմինների և արտահայտությունների անգլերեն-հայերեն բառարան», Երևան, 2005թ.):
Ինչ վերաբերում է Սահմանադրության 110-րդ հոդվածի պաշտոնական թարգմանության մեջ «առանձնացվել» և «բաժանվել» բառերի համար միևնույն «separated» բառը գործածելուն, ապա հեղինակը կրկին գտնում է, որ դրանով խախտվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջը, սակայն, ևս մեկ անգամ նշենք, որ այդ պահանջը տարածվում է իրավական ակտերի վրա, իսկ պաշտոնական թարգմանությունն իրավական ակտ չէ: Դեռ ավելին, Սահմանադրության 110-րդ հոդվածում փոխարինաբար գործածվում են «առանձնացվել» և «բաժանվել» բառերը, իսկ ՀՀ համապատասխան իրավական ակտերն («Տեղական ինքնակառավարման մասին», «Տեղական հանրաքվեի մասին», «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքներ) ուղղակի նշում չեն պարունակում համայնքների առանձնացման և բաժանման՝ որպես միմյանցից տարբեր հասկացությունների մասին:
Ի գիտություն նշենք նաև, որ հեղինակի կողմից պաշտոնական թարգմանությունից մեջբերված հոդվածները ոչ միշտ են տառացի համապատասխանում նշված՝ www.translation-centre.am կայքում տեղադրված պաշտոնական թարգմանությանը:
Օրինակ, հեղինակը մեջբերում է՝ «Article 100. The Constitutional Court shall, as prescribed by law:
1) determine the compliance of the laws, resolutions of the National Assembly, decrees and orders of the President of the Republic, decisions of the Government, Prime Minister and local self-government bodies with the Constitution;»,
մինչդեռ կայքում տեղադրված պաշտոնական թարգմանության տեքստում համապատասխան հատվածը շարադրված է հետևյալ խմբագրությամբ՝ «Article 100. The Constitutional Court shall, as prescribed by law:
(1) determine the compliance of laws, decisions of the National Assembly, decrees of the President of the Republic, decisions of the Government, Prime Minister, local self-government bodies with the Constitution;»:
Փաստորեն, հեղինակն օրենքի տառը մեկնաբանելիս նաև «խմբագրել» է պաշտոնական թարգմանության տեքստը: Հարց է առաջանում, թե ով է իրականում կեղծել թարգմանությունը...