|19.01.2008| Արդարադատության նախարարն ընդունել է Սլովակիայի հանրապետության պատվիրակությանը

19/01/2008

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Սլովակիայի նախկին վարչապետ Յան Չեռնագորսկու գլխավորած Սլովակիայի Հանրապետության պատվիրակությանը: Պատվիրակության կազմում էր նաև հայ համայնքի Սլովակիայի միության նախագահ Աշոտ Գրիգորյանը: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկեցին համատեղ ձեռնարկատիրական գործունեության վերաբերյալ իրավական ոլորտին առնչվող մի շարք հարցեր: Պատվիրակությանը, մասնավորապես, հետաքրքրում էր, թե ի՞նչ իրավական խոչընդոտների կարող են հանդիպել այդ ոլորտում և դրանք վերացնելու ինչպիսի՞ իրավական եղանակներ գոյություն ունեն: Այդ առնչությամբ, արդարադատության նախարարը տվեց հանգամանալից պարզաբանումներ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին նաև երկու երկրների իրավական համագործակցության շրջանակներում` արդարադատության նախարարների հետագա հանդիպմանն առնչվող հարցեր, ըստ որոնց, սույն թվականի մայիսի 26-ից 28-ը նախատեսվում է Սլովակիայի Հանրապետության արդարադատության նախարարի այցը Հայաստանի Հանրապետություն, ինչպես նաև ՀՀ արդարադատության նախարարի փոխադարձ այցը Սլովակիայի Հանրապետություն: Ըստ այդմ, պատվիրակությունը նախարարին փոխանցեց Սլովակիայի Հանրապետության արդարադատության նախարարի պաշտոնական հրավերը:

Իրավական համագործակցության նպատակահարմարությունը պայմանավորված է նրանով, որ Սլովակիայում` նախկին սոցիալիստական երկրում, ընդունվել է նոր քրեական և քրեական դատավարության օրենսգրքեր, որոնք հավանության են արժանացել Եվրոմիության փորձագետների կողմից և գործում է մեծ արդյունավետությամբ: Իսկ դատաիրավական բարեփոխումների երկրորդ փուլ ընդգրկված Հայաստանի համար, Սլովակիայի Հանրապետության փորձի ուսումնասիրությունը կարող է ունենալ էական նշանակություն: Պատվիրակությունը գոհունակություն հայտնեց հանդիպումից և տրված պարզաբանումներից: Նրանք ներկայացրեցին իրենց ծրագրերը` կապված ներդրումներ կատարելու հետ, մասնավորապես նշելով, որ իրենք համամիտ չեն միջազգային մի շարք կառույցների այն դիրքորոշմանը, որ Հայաստանի Հանրապետությունը տարաբնույթ ռիսկերի տեսանկյունից ներդրումների համար ընդունելի չէ: Հայաստանում Սլովակիայի պատվիրակության համալիր ուսումնասիրությունները և հանդիպումները բերել են այն համոզման, որ Հայաստանի Հանրապետությունը հենց այն երկիրն է, որտեղ կարելի է ներդրումներ կատարել և այդ պատճառով էլ պատվիրակությունը ոչ թե բավարարվում է բանակցություններով, այլև կնքում մի շարք պայմանագրեր: