Անդրադարձ «Խղճի և կրոնական ազատությունների մասին» նոր օրենքի նախագծին առնչվող հարցադրումներին

29/08/2011

ՀՀ արդարադատության նախարարությունը և ԵԱՀԿ երևանյան գրասենյակը 2011 թվականի օգոստոսի 19-ին նախաձեռնել էին «Խղճի և կրոնական ազատությունների մասին» նոր օրենքի նախագծի, ինչպես նաև փոխկապակցված այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերի շուրջ հանրային քննարկում, որի ընթացքում ներկայացվեցին իրականացվող օրենսդրական փոփոխությունները, դրանց հիմնավորումներն ու նպատակը:
ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Գրիգոր Մուրադյանը իրականացվող փոփոխությունների անհրաժեշտությունը հիմնավորեց այն հանգամանքով, որ «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ներկայումս գործող օրենքն ընդունել է դեռ ՀՀ Գերագույն խորհուրդը 1991 թվականին, երբ դեռ ընդունված չէր Հայաստանի անկախ հանրապետության առաջին սահմանադրությունը: Օրենքի համար հիմք էր ծառայել Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների ԽՍՀՄ օրենքը, ինչի հետևանքով այն մի շարք թերություններ պարունակելուց զատ նաև չի համապատասխանում ներկա իրավիճակին, երբ Հայաստանը վավերացրել է միջազգային մի շարք համաձայնագրեր, անադամկցել է Եվրախորհրդին, ստանձնել պարտավորություններ: Ուստի այսօր արդեն հակասություններ են ծագել ինչպես երկրում գործող մի շարք օրենքների, այնպես էլ՝ ՀՀ ընդունած միջազգային պարտավորությունների հետ: Հենց այս հակասություններն էլ արհեստականորեն բարդացնում են կրոնական կազմակերպությունների գրանցման գործընթացը: Այնուամենայնիվ, ՀՀ ԱՆ փոխնախարար Մուրադյանն ընդգծեց, որ չնայած նշյալ բարդություններին օրենքը չի խոչընդոտել, որ Հայաստան մուտք գործեն, գրանցվեն և գործուներություն ծավալեն շուրջ 70 կրոնական տարբեր կազմակերպություններ:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսն էլ, ընդգծելով Հայ առաքելական եկեղեցու առանձնահատուկ դերը հայ ժողովրդի կյանքում, շեշտեց նաև, որ դավանանքի ազատության իրացումը օրենսդրորեն պետք է երաշխավորված լինի ժողովրդավարական բարեփոխումների առաջընթացն ապահովելու համար, ինչը կարևոր է նաև Եվրախորհրդի առջև ստանձնած պարտավորությունները կատարելու առումով:
Քննարկման ընթացքում ներկաներին ծանոթացնելով «Խղճի և կրոնական ազատությունների մասին» օրենքի նախագծի դրույթներին՝ ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Գրիգոր Մուրադյանը փաստեց, որ օրինագիծն ամբողջությամբ տարբերվում է նախկինում մշակված և ԵԱՀԿ-ի ու ԵԽ Վենետիկի հանձնաժողովի բացասական գնահատականներին արժանացած երկու օրինագծերից: Փոխնախարարն ընդգծեց, որ Հայաստանում բոլորի համար, անկախ քաղաքացիությունից, երաշխավորված է խղճի, կրոնի և համոզմունքի ազատությունը, ինչը սահմանված է նաև քննարկվող օրենքի նախագծում: Այդ իրավունքը ներառում է ցանկացած կրոն դավանելու կամ չդավանելու, համոզմունք ունենալու կամ չունենալու, կրոնը կամ համոզմունքը փոխելու, ինչպես միայնակ, այնպես էլ այլոց հետ հրապարակավ կամ մասնավոր ուսուցման, քարոզի, եկեղեցական արարողությունների կամ պաշտանմունքի այլ ծիսակատարությունների միջոցով դրանք արտահայտելու, այդ թվում` առօրյա կյանքում սեփական կրոնով և համոզմունքներով գործելու ազատությունները:
Քննարկման ընթացքում թե՛ ՀՀ ԱՆ փոխնախարար Մուրադյանը, և թե՛ աշխատանքային խմբի անդամները մանրամասն պարզաբանումներ և հիմնավորումներ տվեցին մշակված նախագծի մի շարք դրույթների վերաբերյալ, այդուհանդերձ հնչեցին տարաբնույթ հակասական տեսակետներ, երբեմն նաև քննադատություն, տրվեցին մի շարք հարցեր: Քննարկումը լուսաբանող լրատվամիջոցների ներկայացուցիչներն էլ մամուլում որոշ հարցադրումներ հրապարակեցին:
Հիշեցնենք, որ քննարկմանը մասնակցում էին Հայ առաքելական եկեղեցու, այլ կրոնական, նաև միջազգային և տեղական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Ու թեև հնչած հարցերի հիմնական մասը պարզաբանվել էր արդեն իսկ քննարկման ընթացքում, տրվել էին սպառիչ պատասխաններ, այդուամենայնիվ թյուրընկալումներից խուսափելու համար նախարարությունը նպատակահարմար է գտել առանձնացնել բոլոր հիմնական հարցադրումներն ու ևս մեկ անգամ պատասխանել շահագրգիռ կողմերին մտահոգող հարցերին:
Քննարկման մասնակիցների մի խումբ մտահոգություն էր հայտնում, թե օրինագծով մենաշնորհ է տրվում Հայ առաքելական եկեղեցուն, ինչու՞:
Պատասխան –Հայ առաքելական եկեղեցու բացառիկ կարգավիճակը արդեն իսկ սահմանված է ՀՀ սահմանադրությամբ / ՀՀ Սահմանադրություն, գլուխ առաջին հոդված 8.1, որի համաձայն.<<Հայաստանի Հանրապետությունում եկեղեցին անջատ է պետությունից: Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցու` որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգեւոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման եւ ազգային ինքնության պահպանման գործում>>: Դրանից ելնելով` Հայ առաքելական եղեկեցուն ՀՀ օրենսդրությամբ տրված են մի շարք առանձնաշնորհներ, ինչպես նաև Հայ առաքելական եղեկեցու և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերություններն կարգավորվում են առանձին օրենքով: Սակայն Հայ առաքելական եղեկեցուն տրված առանձնաշնորհներից և ոչ մեկը չի կարող մեկնաբանվել որպես այլ կրոնական կամ դավաբանական պատկանելիություն ունեցող անձանց խղճի կամ համոզմունքի ազատության իրավունքի խախտում, և նախագիծը միտված է նաև դրա ապահովմանը:

2. Ինչու՞ է նախագծով կրոնական կազմակերպություններին արգելվում բարեգործություն անել:
Պատասխան – Նախագծով չի արգելվում կրոնական կազմակերպություններին բարեգործություն անել: Բարեգործության կատարումը չի հանդիսանում նշված օրենքի նախագծի կարգավորման առարկա և պատշաճ կերպով կարգավորված է «Բարեգործության մասին»ՀՀ օրենքով:

3. Ի՞նչ չափանիշներով է որոշվել կրոնական կազամկերպության գրանցման համար անդամների անհրաժեշտ 200 նվազագույն շեմը մինչև 25 իջեցնելը:
Պատասխան – Նախագծով նախատեսվում է առավելագույնս հեշտացնել կրոնական կազմակերպությունների պետական գրանցման գործընթացը, այդ թվում՝ նվազեցնելով կրոնական կազմակերպությունների գրանցման համար գործող օրենքով նախատեսված անդամների թիվը: Միաժամանակ անհրաժեշտ է նկատի ունենալ, որ նախորդ նախագծերի վերաբերյալ ԵԽ Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ –ի համատեղ եզրակացությունում 200 թիվը համարվել էր խիստ անհամաչափ:


4. Ի՞նչ է նշանակում ոչ պատշաճ հոգեորսություն, արդյոք դրա հասկացությունը չի հակասում Եվրոպական կոնվենցիային:
Պատասխան - Նախագծի 4-րդ հոդվածով հստակ սահմանվում են խղճի, կրոնի և համոզմունքի ազատության արտահայտման իրավունքի սահմանափակման հիմքերը, ինչպես նաև սահմանվում է «ոչ պատշաճ հոգևորսություն» հասկացությունը, մասնավորապես.
Ոչ պատշաճ հոգևորսությունը` այլ կրոնական կամ դավանաբանական պատկանելիություն կամ հայացքներ ունեցող անձանց նկատմամբ դավանափոխ անելու նպատակով կրոնական բնույթի ցանկացած քարոզչական ներգործություն, որը դրսևորվում է այդ անձի կամ նրա մերձավորի նկատմամբ ֆիզիկական կամ հոգեբանական բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, նյութական կամ սոցիալական բնույթի առավելություն տրամադրելով կամ կախվածությունը օգտագործելով, այլ կրոնի, համոզմունքի կամ կրոնական կազմակերպության նկատմամբ թշնամանք հարուցելով կամ ատելության հրահրելով, անձին երկու կամ ավելի անգամ հետապնդելով, տասնչորս տարին չլրացած անչափահասի նկատմամբ` առանց նրա ծնողների կամ խնամակալների համաձայնության:
Ոչ պատշաճ հոգևորսության այս սահմանումը վերցված է Եվրոպական դատարանի իրավակիրառ պրակտիկայից, մասնավորապես ամբողջությամբ համապատասխանում Կոկինակիսը ընդդեմ Հունաստանի գործով Եվրոպական դատարանաի կողմից տրված ոչ պատշաճ պրոսելիտիզմի հասկացությանը:

5. Որո՞նք են այն վտանգավոր ձևակերպումները, որոնք կարող ե վնասել Հայ առաքելական եկեղեցուն:
Պատասխան – Նախագծով սահմանված չէ որևէ դրույթ, որը կարող է վնասել Հայ առաքելական եկեղեցուն:

6. Վերահսկելով կրոնական կազմակերպություններին`արդյո՞ք ՀՀ ԱՆ-ն չի վերածվում հավատաքննիչի, կամ հոգևոր ոստիկանի:
Պատասխան – Ըստ էության, արդարադատության նախարարությունը այս նախագծով էապես նվազեցրել է կրոնական կազմակերպությունների գործունեության նկատմամբ իրականացվող պետական վերահսկողությունը:
Մասնավորապես էապես նվազեցվել են կրոնական կազմակերպության կողմից գրանցման համար ներկայացվող պարտադիր փաստաթղթերի ցանկը:
Այսպես՝ գործող օրենքով կրոնական կազմակերպություն գրանցելու համար պահանջվում է տվյալ կազմակերպության կրոնականության մասին եզրակացության ստացումը, ինչը վերոհիշյալ նախագծով հանվել է:
Կրոնական կազմակերպությունների նկատմամբ նախագծով նախատեսված վերահսկողությունը կարելի է բաժանել երկու մասի` 1. Նրանց տարեկան հաշվետությունների ստուգում, որը նպատակաուղղված է կրոնական կազմակերպությունների կողմից նախագծի մի շարք պահանջների պահպանման ապահովմանը(օրինակ` ֆինանսավորման թափանցիկություն)
և կրոնական կազմակերպությունների դադարեցումը և կասեցումը, որը կարող է իրականացվել միայն հստակ սահմանված է կոպիտ և որոշակի խախտումների առկայության դեպքում: Ընդ որում որպես կրոնական կազմակերպությունների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության երաշխիք, կրոնական կազմակերպության լուծարումը կարող է իրականացվել միայն դատական կարգով:
Վերահսկողական այլ լիազորություններ այս նախագծով արդարադատության նախարարությանը կամ որևիցե այլ պետական մարմնին չի վերապահվում:

7. Ընդունելի՞ է արդյոք այն կարծիքը, թե օրինագծով կրոնական կազմակերպություններին ավելի շատ իրավունքներ է տրվում, քան՝ պարտականություններ:
Պատասխան – Անդրադառնալով իրավունքներին և պարտակություններին հարկ է նշել, որ սահմանված իրավունքները և դրանց կենսագործումը լիովին բավարար է ՀՀ սահմանադրության 26 – րդ հոդվածով և Եվրոպական կոնվեցիայի 9-րդ հոդվածներով սահմանված խղճի ազատության իրավունքի կեսագործման համար, իսկ սահմանված պարտականությունները լիարժեք համաչափ են այդ իրավունքի Սահմանադրությամբ և Կոնվենցիայով նախատեսված սահմանափակումներին:

Հավելենք նաև, որ «Խղճի և կրոնական ազատությունների մասին» օրենքի նախագիծն արդեն ուղարկվել է ԵԽ Վենետիկի հանձնաժողովին, եզրակացությունը ստանալուց հետո, ամենայն հավանականությամբ 2011-ի նոյեմբերին կանցկացվեն հանրային լայն քննարկումներ օրինագծի շուրջ: