Երեկ իմ կյանքի ամենաերջանիկ օրերից մեկն էր. Հրայր Թովմասյան

07/09/2011

07.09.11 12:20 Slaq.am - Լրատվական աղբյուր

Պարզվում է, որ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը ֆուտոբլի մոլի երկրպագու է: Երբ Slaq.am-ը փորձեց հետաքրքրվել, թե որքանո՞վ է հետաքրքրվում ֆուտբոլով և արդյո՞ք հետևել է երեկվա Հայաստան-Սլովակիա խաղին, որն ավարտվեց մեր փայլուն հաղթանակով (4-0), պրն. Թովմասյանը հետևյալ կերպ պատասխանեց.
-Մի անգամ, երբ ինձ հարցրին ֆուտբոլ դիտում եմ, թե ոչ, ես պատասխանեցի, որ անգամ այն ժամանակ, երբ երեխաները բակում գնդակ են տշում, դրան էլ եմ մեծ սիրով հետևում: Ինչպես ասում են, բոլոր տղամարդիկ հինգ բան պիտի սիրեն, որոնցից մեկը պարտադիր ֆուտբոլն է:
Շատ քիչ բաներ կան, որոնք այս ծանր, լարված ու տխուր վիճակում մեր ժողովրդին կարող են ուրախություն մատուցել, դրանցից մեկն էլ երեկվա մեր փայլուն հաղթանակն էր:
Երեկ իմ կյանքի ամենաուրախ օրերից մեկն էր: Ես առավոտյան արթնացա շատ բարձր տրամադրությամբ և այդ տրամադրությունը մինչ այս պահն էլ ինձ շարունակում է ուղեկցել:
Երբ գիշերը ժամը 1-ին ես բազմոցից վեր թռա և ուրախությունից գոռացի, կինս հորդորեց կամաց գոռամ, քանի որ հարևանները քնած կլինեն, ես ասացի' իզուր են քնած, նրանք պետք է արթնանան և վայելեն այս պահը:
Կան բաներ, որոնք եթե շատ ենք ուզում, ստացվում է: Միշտ ասում են, որ մենք կոլեկտիվ չենք, կոլեկտիվ խաղերում պարտվում ենք, բայց գնալով ապացուցում ենք, որ չէ, եթե ազգովի ինչ-որ բան շատ ենք ուզում, խնդրում եմ չքաղաքականացնեք, չնայած դա էլ կա, մեզ մոտ հաստատ ստացվում է:
Ուզում եմ, որ մեր ֆուտբոլային հաղթանակը բոլոր հաղթանակների շարունակությունը լինի: Մեր շախմատիստները դարձան աշխարհի չեմպիոն և այսպես շարունակվելու է: Չի կարելի այս հաղթանակները չնկատել: Սրանք բաներ են, որոնցով պետք է ոգևորվել: Այս հաղթանակները պետք է ուղենիշ լինեն և հնարավորություն ընձեռեն, որպեսզի այլ ասպարեզներում մեր խնդիրները լուծվեն:
-Իսկ ինչպե՞ս եք գնահատում երեկվա մեր խաղը: Արդյո՞ք Սլովակիայի թիմը կարելի է ուժեղ մրցակից համարել Հայաստանի հավաքականի համար:
-Սլովակիան ֆուտբոլի համաշխարհային դասակարգում մեզնից 40 միավորով առաջ է; սա այն թիմն էր, որը Ռուսաստանի դաշտում 0-1 հաշվով հաղթանակ տարավ:
Բացի հաղթանակից, 4-0 հաշիվը Սլովակիայի դաշտում շատ տպավորիչ է: Սա սենսացիա են համարում բոլորը: Պետք է տեսնել, թե մենք ինչ ֆուտբոլ էինք խաղում: Մենք առաջին խաղակեսում շատ գրագետ պաշտպանվում էինք' օգտագործելով մեր հակագրոհները, իսկ երկրորդ խաղակեսին ցույց տվեցինք մի խաղ, որով պարզապես կարելի էր հիանալ' անկախ այն հանգամանքից, թե որ երկրի հավաքականն է խաղում: Ես անկեղծ եմ ասում, հիմա շատ երջանիկ եմ:
Տվյալ պահին իմ կայնքում շատ քիչ բաներ կան, որոնք կարող են ինձ ամեն ինչից կտրել. նախարարություն, ընտանիք, հոգսեր.... Այդ պահին իմ ուղեղում միայն ֆուտբոլն էր, մի փոքր անջատվեցի, ինչի համար կրկին ու կրկին մարզիչին, մեր տղաներին և ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահին շնորհավորում և շնորհակալություն եմ հայտնում փայլուն հաղթանակի համար:
-Իսկ Դուք փոքր հասակում ֆուտբոլի հաճախե՞լ եք:
-Ես շատ արագ էի վազում և լավ ֆուտբոլ չէի խաղում, բայց ես մեծ սիրով էի խաղում դպրոցական հավաքականում: Ճիշտ է, լավ տեխնիկա չունեի, բայց արագավազ էի և գնդակի հետևից միշտ հասնում էի:
-Իսկ Ձեր տղան ֆուտբոլի հետ սեր ունի՞, հաճախու՞մ է ֆուտբոլի:
-Այո, նա էլ է ֆուտբոլ շատ սիրում: Ճիշտ է' ֆուտբոլի չի հաճախում, բայց բակում ակտիվ խաղում է: Երբ նոր էինք տեղափոխվել մեր բնակարան, տղաս այդ ժամանակ 4 տարեկան էր, երբ բակ էի մտնում, ինձ ասում էին` էն ֆուտբոլ խաղացող տղայի հայրն է: Այնպես որ տղաս էլ ինձ պես ֆուտբոլասեր է և մենք միասին միշտ հետևում ենք ֆուտբոլային հանդիպումներին:
Լուսինե Հովհաննիսյան