Պատասխան Մեսրոպ Հարությունյանի բաց նամակին
13/09/2011
Ի պատասխան ՀՀ արդարադատության նախարարին հասցեագրված Ձեր նամակի` Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարինե Պետրոսյանի՝ Միսակ Մարտիրոսյանի հայցով ընդդեմ «Հրապարակ» օրաթերթ ՍՊ ընկերության գործով հայցի ապահովման միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ կայացված որոշման իրավաչափության հետ կապված, հայտնում ենք, որ գործը դեռևս գտնվում է դատական քննության փուլում:
Ժողովրդավարական պետության մեջ խոսքի ազատության կարևորությունը բարձր գնահատելով հանդերձ, Ձեր բարձրացրած խնդիրը առնչվում է դատավորի անկախության, ինքնուրույնության և արդարադատություն իրականացնելիս դատավորի գործունեությանը միջամտելու անթույլատրելիության ոչ պակաս արժեքավոր հանրաճանաչ սկզբունքներին: Վերջիններիս հաշվառմամբ, գործի դատական քննության այս փուլում դատավորի գործողություններին հրապարակային գնահատական տալը, այդ թվում՝ կարգապահական վարույթ հարուցելու օրենսդրությամբ ՀՀ արդարադատության նախարարին վերապահված լիազորությունից օգտվելը, կարող է խաթարել դատավորի անկախության և գործի քննության ժամանակ ինքնուրույն, գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ առաջնորդվելու սկզբունքների իմաստը:
Այս փուլում, գործին մասնակցող անձինք, թերևս, պետք է օգտվեն հայցի ապահովման միջոցը վերացնելու դատավարական օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգերից: