ՀՀ արդարադատության նախարարի հանդիպումը Բունդեսթագի պատվիրակության հետ
12/09/2011
Այսօր ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հյուրընկալեց Գերմանական Բունդեսթագի արտաքին տնտեսական հարաբերությունների և զարգացման հանձնաժողովի անդամների պատվիրակությանը` տիկին դոկտոր Բերբել Քոֆլերի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցում էր նաև Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան պարոն Յոխեն Շմիթթը:
Հանդիպման նպատակն էր քննարկել իրավական համագործակցության ոլորտում իրականացվող ծրագրերի արդյունավետությունը և ճշգրտել համագործակցության հետագա հեռանկարները: Նախարար Հրայր Թովմասյանը նշեց, որ «Գերմանիայի միջազգային համագործակցության» /GIZ/ ընկերության իրավական ծրագրի հետ համագործակցությունը կարող է օրինակ հանդիսանալ բոլոր դոնոր կազմակերպությունների համար: Նա հատկապես կարևորեց սահմանադրական և վարչական իրավունքի բնագավառներում GIZ ընկերության իրավական ծրագրի ներդրումը, ինչպես նաև այն մեծածավալ աշխատանքը, որը կատարվել է Հայաստանի Հանրապետությունում վարչական արդարադատության համակարգի ստեղծման և ամրապնդման գործում: Պարոն Թովմասյանը շեշտեց այն հանգամանքը, որ GIZ ընկերության իրավական ծրագիրը շատ ճկուն է արձագանքում իրավական խորհրդատվություն ցուցաբերելու առաջարկներին` որպես օրինակ մատնանշելով Քրեական դատավարության նոր օրենսգրքի և Վարչական իրավախախտումների օրենսգրքի նոր նախագծերի մշակումը:
Հյուրերի խնդրանքով անդրադառնալով 2012-2014 թվականների դատաիրավական բարեփոխումների ծրագրերին` պարոն Թովմասյանը հատկապես կարևորեց GIZ ընկերության իրավական ծրագրի մասնակցությունը այնպիսի խոշորածավալ օրենսդրական նախագծերի մշակմանը, ինչպիսիք են Քաղացիական օրեսգիրքը և Քրեական օրենսգիրքը:
Գերմանացի պատգամավորներն իրենց գոհունակությունն արտահայտեցին համագործակցության արդի վիճակի առնչությամբ և պատրաստակամություն հայտնեցին Գերմանական Բունդեսթագում քննարկումների ժամանակ նպաստել, որպեսզի ապահովվի Հայաստանում ընթացող դատաիրավական բարեփոխումների գործում խորհրդատվության համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների հատկացումը: