|11.02.2008| ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՂԱԲԱՇԽՎԵԼ Է
11/02/2008
Ինչպես տեղեկացրել էինք ավելի վաղ, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը ոչ մի րոպե չի դադարել աշխատելուց, իսկ նախարարության աշխատակազմը տեղաբաշխված է նախարարության առանձնացված ստորաբաժանումներում: Այսպես. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանը, նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մալխասյանը և նախարարի տեղակալ Նիկոլայ Առուստամյանը աշխատանքը շարունակելու են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության վարչական շենքում, նախարարի տեղակալներ Գևորգ Կոստանյանն` արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության վարչական շենքում: Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունը և նոտարական բաժինը տեղակայված են արդարադատության նախարարության պետական ռեգիստրի գործակալությունում:
Տեղեկացնում ենք, որ նախարարության տեխնիկական միջոցների շուրջ հիսուն տոկոսը նախարարության աշխատակիցների ջանքերով հաջողվել է փրկել: Քաղաքացիական ակտերի գործակալության և նոտարական բաժնի արխիվը փրկվել է գրեթե ամբողջությամբ: Չեն վնասվել փորձագիտական կենտրոնի գույքը, տեխնիկական միջոցներն ու փաստաթղթերը:
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության վարչական շենքում սկսվել են ներքին հարդարման, գույքի և տեխնիկական միջոցների ապահովման աշխատանքներ, որի ավարտից հետո, նախարարության ողջ աշխատակազմը կտեղափոխվի վերոնշյալ շենք:
Նախնական տվյալներով, հրդեհի առաջացման պատճառ է հանդիսացել էլեկտրական մալուխների բռնկումը: Հրդեհը գնահատվել է որպես երրորդ աստիճանի, հարուցվել է քրեական գործ: