Մենք պարտավոր ենք, մի կողմ թողնելով անձնական ու թիմային շահերը, կատարել բարեփոխումները. Հրայր Թովմասյան

20/09/2011

panorama.am
«Մենք այլևս հապաղելու իրավունք չունենք: Երկրում տիրող հանրային անորոշությունը, շատերի մոտ նկատվող` ապագան սեփական հայրենիքում չտեսնելու իրողությունը, չմարող արտագաղթը մեծ վտանգ են ներկայացնում հայկական պետության գոյության համար», -Անկախության 20-ամյակին ընդառաջ Panorama.am-ի հետ հարցազրույցում ասել է արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը` նկատելով, որ պետք է կանգ չառնել ու երկրում իրականացնել պահանջվող բարեփոխումներն:

Նախարար Թովմասյանի հետ հարցազրույցը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը.

-Պարոն Թովմասյան, մենք հաճախ, առնվազն ամեն սեպտեմբերի 21-ի, մեզ հարց ենք տալիս, Ի՞նչ տվեց մեզ անկախությունը

Անկախությունը մեծագույն ձեռքբերում է, որին հասավ մեր ժողովուրդը պայքարով ու զրկանքների գնով: Այն, առաջին հերթին, հնարավորություն տվեց ինքնուրույն տնօրինելու երկրի ճակատագիրը: 1991 թվականին մեր ժողովրդի գերակշռող մասը հավատով ու մեծ հույսերով իր ձայնը տվեց Հայաստանի անկախ հանրապետության օգտին: Գուցե այն ժամանակ այլ էին պատկերացումները, գուցե այն ժամանակ ավելի մեծ էին ակնկալիքները: Բայց պետք է ընդունել, որ անկախությունը բալասան չէ, որ անմիջապես պետք է ամոքի բոլոր ցավերը: Անկախությունը կարևորագույն պայման է նպատակներին հասնելու համար, սակայն պահանջվում է պայքար, նվիրվածություն ու նաև համբերություն:

20 տարին մարդու կյանքում փոքր ժամկետ չէ, բայց պատմության համար 20 տարին մի ակնթարթ է: Անկախ պետականության վերականգնման այս 20 տարիները՝ ձեռքբերումներով ու բացթողումներով, ոգևորություններով ու ցավոք երբեմն նաև հիասթափություններով, բազմաթիվ պատմաբանների ու հասարակագետերի ուսումնասիրությունների կարժանանան, բայց մի բան ակնհայտ է ու անվիճելի՝ հենց անկախության շնորհիվ Արցախում վերածնվեց ու կայացավ հայկական պետությունը, ու թերևս միայն այս հանգամանքը բավարար է` ժամանակաշրջանը պատմական կոչելու համար:

-Բայց մեզանում, կարծես թե, միարժեքորեն չի ընկալվում անկախության կարևորագույն նշանակությունը` ինչը մեծամասամբ պայմանավորված է մարդկանց սոցիալական վիճակով:

-Այո, ձեր նշած երևույթը առկա է: Սակայն անկախությունը, ինչպես արդեն ասացի, ոչ թե բալասան է, այլ ինքնադրսևորվելու, սեփական ուժերը գնահատելու, սեփական ճակատագիրը տնօրինելու հնարավորություն: Ակնհայտ է, բազմաթիվ հաջողություններով հանդերձ, ներքին կյանքում մենք այնքան էլ լավ չդրսևորվեցինք: Գուցե, պատճառներից մեկն այն էր, որ դարերից եկող դժվարություններ, չլուծված խնդիրներ ունեինք և ցավոք դեռ ունենք: Իսկ դա հարյուրամյակներով անկախ պետականություն չունենալու հետևանք էր նաև: Իհարկե, բնական է, որ պարբերաբար հետադարձ հայացք ենք գցում անցած 20 տարիներին, փորձում վերագնահատել արածներն ու չարածները, հասկանալ թե ինչն էր ճիշտ և ինչը՝ սխալ, բայց եթե անկախությունը չգնահատելու, երկիրը չսիրելու միտում կա, ապա հետևությունը մեկն է՝ ինքներս հենց մեզանից ենք դժգոհ, որպես հանրություն:

-Այդ դեպքում ի՞նչ պետք է անել

Մի առիթով ասել եմ` երրորդ հանրապետությունը դարձավ քսան տարեկան. մենք հաղթահարել ենք արդեն պետության կայացման պատանեկության փուլը, որին, որպես կանոն, բնորոշ են լինում նվազ կշռադատվածություն, շփոթություն, ոչ լիարժեք կազմակերպվածություն: Հիմա մեր պետությունը մտնում է նոր, ավելի հասուն դառնալու իմաստնանալու փուլ, և արդեն վաղուց ժամանակն է ըմբռնելու և գիտակցելու, որ առաջնային խնդիր է դառնում հանրային կյանքի կարգավորվածության ապահովումը:

Իսկ պետության կայացման հարցում ո՞րն է արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի գլխավոր անելիքը

Ցանկացած պետություն խարսխվում է մի քանի հիմնասյուների վրա: Դրանցից առանցքայինը արդարադատության համակարգն է: Եթե երկրում այդ համակարգը կայացած է, եթե քաղաքացու իրավունքները օրենքով և փաստացի պաշտպանված են, եթե վեճերն ու տարաձայնությունները ստանում են արդարացի լուծում, ապա նման պետությունները զարգանում են ու հզորանում: Նման երկրում ծնվելն ու ապրելը համարվում է բախտավորություն և առաջացնում է այլոց բարի նախանձը: Իսկ եթե որևէ երկրում արդարադատության համակարգը թերի է, եթե քաղաքացին վստահ չէ, որ պետությունը հարկ եղած դեպքում կպաշտպանի իր ոտնահարված իրավունքները եթե կասկածում է, թե ցանկացած հարցի լուծման դեպքում կհաղթանակի արդարությունը, ապա նման պետության ճակատագիրը չմարող սոցիալական լարվածությունն է, քաղաքական քայքայիչ առճակատումը, հանրային հուսահատությունը և փախուստն՝ իրականությունից:

Կարելի է, անկասկած, հիմնավոր բացատրություններ ու պատճառաբանություններ գտնել` արդարացնելու համար ստեղծված վիճակը, պետականության տևական բացակայություն, նոր՝ դրամատիրական հասարակարգի կայացման փուլ, որ, սկզբնական էտապում սոցիալական աղետ է բերում գրեթե ամենուր: Սակայն երկրում ստեղծված բարդ իրավիճակը, աշխարհաքաղաքական իրադրությունը Հայաստանի Հանրապետության քաղաքական իշխանություններից պահանջում են առաջնահերթ կարգավորել արդարադատության համակարգը: Մենք այլևս հապաղելու իրավունք չունենք: Երկրում տիրող հանրային անորոշությունը, շատերի մոտ նկատվող` ապագան սեփական հայրենիքում չտեսնելու իրողությունը, չմարող արտագաղթը մեծ վտանգ են ներկայացնում հայկական պետության գոյության համար: Եվ վաղուց արդեն ժամանակն է, կանգ չառնելով, իրականացնել պահանջվող բարեփոխումները երկրում, ստեղծել այնպիսի պետություն, որում ապրելը հայ մարդու համար հպարտություն ու երջանկություն կլինի, ու չի լքի իր երկիրը: Մենք պարտավոր ենք` մի կողմ թողնելով անձնական ու թիմային շահերը` կատարել այդ փոփոխությունները, քանի որ պարտք ունենք մեր նախնիների առջև, ովքեր օտարի լծի տակ տառապելով` պայքարել են անկախության համար ու երազել սեփական կարգավորված պետության մասին: Մենք պարտավոր ենք իրականացնել նրանց երազանքը:

Հայտնի մի իմաստուն ասում էր` հայրենիքը ապագա սերնդից ժամանակավորապես վերցված տարածք է: Այսինքն` հայրենիքը մեզ չի տրված մեր սեփական կյանքը կարգավորելու համար. այն ապագա սերնդինն է, և մենք պարտավոր ենք հայրենիքը դարձնել այնպիսին, որ մեր սերունդները երբևէ չկշտամբեն մեզ` այն վատ վիճակում իրենց փոխանցելու համար:

Այնուամենայնիվ, մենք պետք է հստակ գիտակցենք, որ 1991 թվականին մենք ձեռք բերեցինք սեփական կյանքը տնօրինելու բախտավորություն, որից հարյուրամյակներ շարունակ զուրկ են եղել մեր ապուպապերը: Եվ մենք ոչ միայն իրավունք ունենք, այլև պարտավոր ենք նշել պատմական այդ իրադարձության քսանամյակը, ինչի առթիվ շնորհավորում եմ բոլորիս: