Մեկնարկեց նախարարության մարզային հանդիպումներ ծրագիրը
11/10/2011
ՀՀ արդարադատության նախարարությունը ոլորտում իրականացվող բարեփոխումները հանրությանը հասանելի և ընկալելի դարձնելու համար հատուկ ծրագիր է մշակել: Ծրագրի շրջանակներում նախատեսվում են այցելություն-հանդիպումներ ՀՀ մարզերի բնակչության հետ, նրանց՝ նոտարական, քաղաքացիական կացության ակտերի գրանցման, իրավաբանական անձանց պետռեգիստրի գործակալություններից օգտվելու կարգը, դատական ակտերի հարկադիր կատարողների գործունեությունը և կատարված ու մոտ ապագայում իրականացվելիք փոփոխությունները բացատրելու, պարզաբանելու, ինչպես նաև տեղում առկա խնդիրներին ծանոթանալու նպատակով:
Առաջին այցը Լոռու մարզի Ալավերդի քաղաքում էր. քաղաքապետարանի սրահում ՀՀ արդարադատության նախարարության պատվիրակությունը՝ փոխնախարար Արամ Օրբելյանի գլխավորությամբ, հանդիպեց քաղաքի հասարակական կազմակերպությունների, բնակչության առավել ակտիվ խմբերի ներկայացուցիչների ու քաղաքապետարանի աշխատակիցների հետ: Հանդիպումից հետո պատվիրակության անդամները հյուրընկալվեցին Ալավերդիի Անկյուն+3 հեռուստաընկերության «Դեմ առ դեմ» հաղորդաշարին և ուղիղ եթերում պատասխանեցին քաղաքացիներին հուզող հարցերին: