Բարի կամքի դրսևորում
11/10/2011
Իրանի Իսլամական Հանրապետության խնդրանքով և Հայաստանի Հանրապետության բարի կամքի դրսևորմամբ, օգոստոս և հոկտեմբեր ամիսներին, երկու փուլով, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող Իրանի քաղաքացի 32 դատապարտյալ է տեղափոխվել Իրանի Իսլամական Հանրապետություն` այնտեղ պատժի հետագա կրումն իրականացնելու նպատակով: Իրանի քաղաքացի 32 դատապարտյալներից 31-ը ազատազրկման էր դատապարտվել թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության և իրացման համար:
Հիշեցնենք, որ փետրվարի 11-ին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող Իրանի քաղաքացի 24 դատապարտյալ էր տեղափոխվել Իրանի Իսլամական Հանրապետություն` այնտեղ պատժի հետագա կրումն իրականացնելու նպատակով: Այս պահի դրությամբ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում պահվում են օտարերկրյա 146 քաղաքացիներ, որոնցից 48-ը ԱՊՀ դատապարտյալ, 37-ը ԱՊՀ կալանավոր: 30 օտարերկրյա դատապարտյալ, դրանցից 14-ը Իրանի իսլամական հանրապետության քաղաքացիներ և 31 օտարերկրյա կալանավոր` 23-ը Իրանի իսլամական հանրապետությունից:
ՀՀ արդարադատության նախարարի հանձնարարությամբ, արտաքին գործերի նախարարության և համապատասխան դեսպանությունների հետ աշխատանքներ են տարվում օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով սահմանված կարգով ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում պահվող օտարերկրյա քաղաքացիների պատժի հետագա կրման համար` իրենց քաղաքացիության երկրներ տեղափոխելու ուղղությամբ: