Արդյո՞ք պետք է վճարել պետական տուրք իրավաբանական անձի հիմնադրի մասին տեղեկանք ստանալու համար

24/10/2011

«Հայացք» օրաթերթի հարց իրավաբանին բաժնից:
Արսեն Բաբայան (ՀՀ արդարադատության նախարարության օրինականության վերահսկողության տեսչության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի և ոչ առևտրային կազմակերպությունների գործունեության օրինականության վերահսկողության բաժնի պետ).
- Իրավաբանական անձանց վերաբերյալ տեղեկությունները ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից տրամադրվում են վճարովի և անվճար: Միանգամից նշեմ, որ իրավաբանական անձանց հիմնադիրների վերաբերյալ տեղեկանքները տրամադրվում են առանց պետական տուրքի վճարման, այսինքն` ամբողջությամբ անվճար:
Տեղեկությունների տրամադրման վճարովի կամ անվճար լինելու հանգամանքը կարգավորված է «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի համապատասխան դրույթներով: Նկատենք, որ օրենքը նախատեսել է տեղեկությունների երկու խումբ` ամբողջական և մասնակի: Ամբողջական տեղեկություններ ասելով հասկանում ենք իրավաբանական անձին վերաբերող այն բոլոր տեղեկությունների ամբողջությունը, որոնք պահվում են պետական ռեգիստրի գործակալությունում, իսկ մասնակին ամբողջականից վերցրած առանձին-առանձին տեղեկություններն են: Տեղեկությունների այս երկու խմբերից անվճար տրամադրվում են միայն մասնակի խմբում գտնվող որոշ տեղեկություններ, որոնք թվարկված են օրենքում: Դրանք են` իրավաբանական անձի անվանումը և կազմակերպաիրավական ձևը, պետական գրանցման ամսաթիվը, իրավաբանական անձի գրանցման համարը, իրավաբանական անձի հիմնադիրները: Մյուս բոլոր տեղեկությունները, որոնք ներառված չեն այս ցանկում, տրամադրվում են միայն պետական տուրք վճարելու դեպքում: Օրինակ` իրավաբանական անձի մասնակցի մասին, գործադիր տնօրենի մասին և այլն:
Վճարովի է նաև իրավաբանական անձանց վերաբերող ամբողջական տեղեկությունների տրամադրումը:
Օրենսդիրը վճարովի տեղեկությունների համար սահմանել է պետական տուրքի տարբեր սահմանաչափեր: Ամբողջական տեղեկատվությունը տեղեկանքի տեսքով ստանալու համար նախատեսված է 3000 դրամ, իսկ մյուս առանձին տեղեկությունների համար, որոնք ընդգրված չեն անվճարների ցանկում` 1000 դրամ:
Լինում են դեպքեր, երբ տեղեկություն հայցողը, ուսումնասիրելով «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքը, քննարկվող վճարովի տեղեկությունների ստացման համար գտնում է միայն 3000 դրամ պետական տուրք նախատեսող դրույթը, ինչից ելնելով` վճարում է այդքան, այն դեպքում, երբ վերջինիս անհրաժեշտ էր ոչ թե ամբողջական, այլ վճարովի համարվող մասնակի տեղեկություն: Նման դեպքերում, անկախ այն հանգամանքից, թե տեղեկություն հայցող անձն իր դիմումում կոնկրետ ինչ բնույթի տեղեկության ստացման մասին է նշել, արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը պարտավոր է տրամադրել նաև պետական միասնական գրանցամատյանում առկա իրավաբանական անձին վերաբերող ամբողջ տեղեկատվությունը: