|18.03.2008| ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ Է ՀԱՆՁՆՎԵԼ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ՆՈՐ ՄԱՍՆԱՇԵՆՔԸ

18/03/2008

2008թ. մարտի 18-ին շահագործման հանձնվեց Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում կալանավորվածներին պահելու համար նախատեսված շենքային համալիրը: Հայաստանի Հանրապետությունը, անդամակցելով Եվրոխորհրդին, հետևողականորեն կատարում է իր ստանձնած պարտավորությունները նաև դատաիրավական բարեփոխումների, մասնավորապես քրեակատարողական համակարգի բնագավառում, որի կարևոր բաղկացուցիչն է կալանավորված և ազատազրկված անձանց պահման պայմանների բարելավումն ու քրեակատարողական համակարգի նյութատեխնիկական բազայի ամրապնդումը: Նշված քրեակատարողական հիմնարկի շենքերը կառուցվել են դեռևս 1958թ. խորհրդային միության բանտային չափանիշներով և նորմատիվներով: Այն բաղկացած է 3 գոտիներից` դատապարտյալ կանանց, դատապարտյալ անչափահասների և կալանավորված կանանց ու անչափահասներին պահելու համար: Կալանավորվածներին պահելու վայրին հատկացված շենքը, տեղակայված լինելով շարժվող, ագրեսիվ և խոնավ գրունտների վրա հնարավոր չէր վերականգնել: Այստեղ միմյանցից անջատ` նույն մասնաշենքում, նույն հարկերում, սակայն տարբեր խցերում պահվում էին կանայք և անչափահասներ: Որոշ խցերի խոնավությունը գերազանցում էր նույնիսկ սանիտարական նորմերը, բացակայում էր օդափոխության համակարգը, առկա 16 խցերում պահվում էր մինչև 70 անձ: Նման շենքում հնարավոր չէր ապահովել առողջ կենսապայմաններ և արժանապատիվ կենցաղ: Չնայած տարիների ընթացքում կատարվում էին վերանորոգման աշխատանքներ, բայց անհնարին էր շենքը վերակառուցել և հարմարեցնել ներկայացվող պահանջներին: Համակարգի նկատմամբ պետության ցուցաբերած մշտական ուշադրության և հոգատարության շնորհիվ անհրաժեշտ միջոցներ հատկացվեցին և կալանավորվածներին պահելու հիմնարկը տեղակայվեց նոր կառուցված շենքում: Շահագործված շինությունը նախատեսված է մինչև 100 անձի համար, ունի 26 խուց, բժշկական մաս, ճաշարան, լվացքատուն, բաղնիք, ապահովված է անվտանգության ժամանակակաից սարքավորումներով և անհրաժեշտ ենթակառուցվածքներով: