|31.03.2008| Կայացել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի մոնիտորինգի Ագոյի խմբի պատվիրակության հանդիպումը
31/03/2008
Մարտի 31-ին կայացել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի մոնիտորինգի Ագոյի խմբի պատվիրակության հանդիպումը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանի հետ: Պատվիրակության կազմը ներկայացրել է հետևյալ հարցադրումները` ա) իրենց մերձավոր ազգականների հետ ձերբակալված և կալանավորված անձանց տեսակցությունների արգելանքի հիմքերը, բ) մարտի 1-ին տեղի ունեցած զանգվածային անկարգությունների հետ կապված ձերբակալված և կալանավորված անձանց ազատ արձակելու հնարավորությունը, գ) վերջերս ընդունված «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին «Հայաստանի Հանրապետության օրենքի հիմնավորվածությունը, դ) մարտի 1-ի զանգվածային անկարգությունների անկողմնակալ և թափանցիկ քննությունն ապահովելու և հետագա քննության վերաբերյալ հաղորդումներ ուղարկելու հնարավորությունը և ե) ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ, առանց որևէ նախապայմանի, իշխանությունների կողմից երկխոսություն սկսելու անհրաժեշտությունը:
Հնչել են նաև հայտնաբերված զենքի քանակի, տեսակի և կիրառման եղանակների վերաբերյալ հարցեր:
Արդարադատության նախարարի կողմից հանգամանորեն պարզաբանումներ են տրվել այն մասին, որ մերձավոր ազգականների հետ տեսակցության իրավական հիմքերն ամրագրված են «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին «Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածով, որի համաձայն միայն քրեական վարույթն իրականացնող մարմինը կարող է արգելել այդ տեսակցությունները: Միաժամանակ, իրազեկվեց, որ սահմանափակ դեպքերում է այդպիսի որոշում կայացվել: Ընդ որում, այդ արգելանքը չի վերաբերել մարդու իրավունքների պաշտպանին և կարող է վերանայվել:
Խմբին տրվեց հստակ պարզաբանում այն մասին, որ ձերբակալման և կալանավորման համար հիմք է հանդիսացել ոչ թե որևէ քաղաքական նկատառում, այլ կոնկրետ քրեական հանցագործություն կատարելու փաստը: Ընդ որում, խոսքը հիմնականում զանգվածային անկարգություններ կազմակերպելու և դրանց մասնակցելու մասին է: Այս առնչությամբ պատվիրակության ղեկավար պարոն Պեր Սյորգենը ևս հավաստեց, որ նման դեպքերում անտեղի է խոսել քաղաքական հետապնդումների մասին:
Քանի որ «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի առնչությամբ առկա է Վենետիկյան հանձնաժողովի եզրակացությունը, արդարադատության նախարարի կողմից պատրաստակամություն հայտնվեց հանգամանորեն քննարկելու այն: Միաժամանակ, իրազեկվեց, որ այդ օրենքում բացակայում է այնպիսի դրույթ, որը հայտնի չլիներ Եվրամիության անդամ երկրների օրենսդրությանը: Ավելին, ընտրվել են խաղաղ ժողովների ազատությունը սահմանափակող համեմատաբար մեղմ ընթացակարգեր, քան այդպիսիք առկա են նույն երկրների ազգային օրենսդրությամբ: