Խստացումը կկաշկանդի արատավոր երևույթի զարգացումը, բայց կվերացնի՞

08/11/2011

Մեր զրուցակիցն է ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը.

- Պարոն նախարար, անցած շաբաթ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձ կատարվեց Հայաստանում անչափահասների նկատմամբ գործադրվող սեռական բռնությունների տարածվածությանը և դրան զուգահեռ օրենսդրության մեջ առկա խնդիրներին: ԱԺ պատգամավոր Վ. Դալլաքյանն էլ ներկայացրեց, այսպես ասած, այսբերգի երևացող կողմը` Դատական դեպարտամենտի տվյալները, որոնց համաձայն` 2000-2010 թթ. ընդհանուր իրավասության դատարաններում քննված գործերի վիճակագրությամբ սեռական բնույթի հանցագործություններից տուժել է 100 անչափահաս: Ի՞նչ եք կարծում, երևույթի տարածումն ինչո՞վ է պայմանավորված, և որքա՞ն է այստեղ օրենսդրության մեղքի բաժինը:
- Մարդկային ստորին բնազդներն ու կրքերը դրսևորվելու ազատություն են ստանում, երբ դրանք չեն ճնշվում պատժի խստությամբ և կրթությամբ, բարձր արժեքների մատուցմամբ: Փաստ է, որ երրորդ հանրապետության տարիներին մենք նահանջ ապրեցինք հանրությանը կրթելու, նրան արդիական արժեհամակարգ տալու գործում, և բացասական հետևանքներն արդեն իրենց զգալ են տալիս: Դա վերաբերում է և՛ ձեր նշած խնդրին, և՛ բանակում տեղի ունեցող դեպքերին, և՛ կենցաղային հարթության վրա նկատվող անցանկալի միջադեպերին: Կարծում եմ` այստեղ իր դերակատարությունն ունի նաև հանրության բարոյահոգեբանական վիճակը:
- 2009-ին անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգությունների համար տասնութ դատական ակտերից միայն երեքի դեպքում է որպես պատիժ ազատազրկում նշանակվել, մնացած դեպքերում սահմանվել է տուգանք: Այսինքն` մանկապիղծները, վճարելով չնչին գումար, խուսափել են իրենց կատարած ծանրագույն հանցագործության համար պատասխանատվություն կրելուց: Կան երկրներ, որտեղ այդպիսի հանցագործներին ամորձատում են բժշկական, քիմիական կամ այլ մեթոդներով, մեր երկրում էլ առաջարկներ են հնչում որպես պատիժ ամորձատման սահմանման վերաբերյալ, սակայն դուք այլ կարծիքի եք: Ի՞նչ եք կարծում, պատժի խստացումը որոշակիորեն զսպաշապիկ չի՞ դառնա և չի՞ իջեցնի հանցագործությունների թիվը, թե կան այլ մտավախություններ:
- Տեսականորեն, նման խստացումը, ինչ խոսք, որոշ չափով կկաշկանդի արատավոր երևույթի զարգացումը: Բայց արդյոք կվերացնի՞: Չէ՞ որ կան հանցանքներ, որոնց համար նախկինում նախատեսված էր շատ ավելի խիստ պատիժ` գնդակահարություն, իսկ այսօր` ցմահ ազատազրկում, բայց կատարվում էին և կատարվում են այդ հանցագործությունները:
Հիշենք 15-16-րդ դարերի Եվրոպան. ծխելու համար մահապատիժ սահմանվեց, հազարավոր մարդիկ զրկվեցին կյանքից, բայց այդպես էլ հնարավոր չեղավ փակել ծխելու սովորույթի մուտքը Եվրոպա:
Գոհացնող արդյունքի հասնելու համար պատժի խստացումը պիտի ուղեկցվի հանրության հետ տարվող աշխատանքներով: Իսկ միջազգային փորձն այսպիսին է.
քիմիական կաստրացիան քրեաիրավական-բժշկական ներգործության միջոց է, որը կիրառվում է այն անձանց նկատմամբ, ովքեր մեղավոր են ճանաչվել սեռական անձեռնմխելիության, երբեմն նաև սեռական ազատության դեմ ուղղված հանցագործությունների կատարման համար, որոնք, որպես կանոն, կատարվել են անչափահասների նկատմամբ (մինչև տասնվեց տարեկան): Այն իրականացվում է հատուկ դեղամիջոցների կիրառմամբ, որոնք արգելակում են տղամարդկային տեստոստերոն հորմոնի գործողությունը, ինչը հանգեցնում է հանցագործի` սեքսուալ ցանկությունների կանխման:
Քիմիական կաստրացիան կիրառվում է ԱՄՆ-ում` Կալիֆոռնիա, Ֆլորիդա, Ջորջիա, Տեխաս, Լուիզիանա, Մոնտանա նահանգներում, Կանադայում և մի շարք եվրոպական պետություններում` Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա, Դանիա, Իսրայել, Շվեդիա, Լեհաստան, Նորվեգիա:
Միջազգային փորձի ուսումնասիրությունից բխում է, որ այն տարբերակվում է երկու ձևի`
1. Կիրառվում է պարտադիր` անկախ հանցագործի ցանկությունից կամ համաձայնությունից: Այդպիսի կարգավորում է ԱՄՆ վերը նշված նահանգներում և Լեհաստանում:
2. Կիրառվում է կամավոր` միմիայն հանցագործի ցանկությամբ և համաձայնությամբ: Այդպիսի կարգավորում է եվրոպական բոլոր վերը նշված երկրներում: Միակ բացառությունը Լեհաստանն է:
Միջազգային փորձի ուսումնասիրությունից բխում է, որ քիմիական կաստրացիան կիրառվում է հետևյալ ընթացակարգով:
Սեռական անձեռնմխելիության համար դատապարտված հանցագործները պատիժը կրելու ավարտից առաջ` հիմնականում մեկ շաբաթ առաջ, պարտադիր կերպով անցնում են բժշկական-հոգեբանական-հոգեբուժական փորձաքննություն: Փորձաքննության արդյունքում եթե հաստատվում է ապագայում այդ հանցագործության կատարման հնարավորությունը, այդ անձանց առաջարկվում կիրառել քիմիական կաստրացիա: Հրաժարվելու դեպքում նրանց նկատմամբ նշանակվում է հիվանդանոցային հարկադիր բուժում` նրանց մեկուսացնելով հասարակությունից: Դա կիրառվում է այնքան ժամանակ, մինչև այդ անձինք համաձայնում են քիմիական կաստրացիայի, կամ դատարանը համապատասխան բժշկական, հոգեբանական, հոգեբուժական փորձաքննության հիման վրա հաստատված է համարում նրանց հանրային վտանգավորության բացակայությունը:
Եվրոպայի նախարարների կոմիտեն ընդունել է անչափահասների սեռական շահագործման և սեռական բռնությունից պաշտպանության մասին կոնվենցիա, որի համաձայն` ցանկացած պետություն ներպետական օրենսդրության սահմաններում պետք է կիրառի արդյունավետ միջոցներ կամ մեխանիզմներ այն անձանց նկատմամբ, ովքեր դատապարտվել են նման հանցագործության համար, կամ ովքեր կարող են կատարել նման հանցագործություն: Այդ միջոցները պետք է հանգեցնեն կրկնահանցագործության կատարման հնարավորության վերացման կամ ռիսկերի նվազեցման:
- Անցած շաբաթ Կառավարության հարցուպատասխանի ժամանակ անդրադառնալով այս հարցին` Դուք նշեցիք, որ այս իրավիճակում մեծ դեր ունեն հեռուստաընկերությունները, որոնք լեցուն են ցածրաճաշակ արժեքներով: Նշեցիք նաև, որ այս խնդիրների լուծումը տեսնում եք բազմաշերտ հարթության մեջ, ոչ միայն իրավական: Ի՞նչ լուծումներ եք տեսնում այսօր:
- Քաղաքագիտության մեջ հայտնի է, որ կապիտալիզմի կայացման փուլում, երբ կատարվում է հանրային ունեցվածքի մասնավորեցում, հանրությունը հնարավոր է` ենթարկվի սոցիալական խոր ցնցումների, եթե չունի մարդկային բնազդները զսպող ավանդույթներ: Խորհրդային շրջանում մեր հանրությունը լուրջ խնդիրներ ուներ իրական արժեհամակարգի հարցում և մտնելով կապիտալիզմի կայացման փուլ` ունակ չեղավ զսպելու մարդկային կրքերի, ստորին բնազդների հրաբուխը: Նախկինում եղած դրական շատ հատկանիշներ մղվեցին երկրորդ պլան, մտավորականները հայտնվեցին «մայթեզրին», հանրային հիերարխիայի ստորին շերտերը, ում բարոյական և հոգևոր ոչինչ չէր կաշկանդում դրամի համար մղվող մրցավազքում, ստացան որոշիչ դերակատարություն: Արդեն ասել եմ` տեղի ունեցավ ցածրաճաշակ արժեհամակարգի հաղթարշավ. այն գրավել է եթերը, այն ձևավորում է հասարակական աղճատված հարաբերություններ:
Այսօր մեր հանրային նավը տրված է վտանգավոր հորձանքին ու որքան առաջանում է, այնքան վտանգներն ավելի են մեծանում:
Հարցնում եք` ի՞նչ լուծումներ եմ տեսնում այսօր: Ես կդժվարանամ միայնակ լուծում առաջարկել. այս բարդ իրավիճակի համար կարիք կա համախմբել մտահոգ քաղաքագետների, վերլուծաբանների ու համատեղ նախ գտնել պատասխաններն այն հարցերի, թե բարոյահոգևոր ոլորտում ինչ է կատարվում Հայաստանում, ինչու է կատարվում, երբ և ինչ պատճառներով է մեր հանրությունը շեղվել առաջընթացի իր ուղուց, և ապա գտնել լուծումը: Վատ չէր լինի, եթե պետական համակարգում ստեղծվեր հանրային հետազոտություններ իրականացնող նման մի կառույց:
Մենք ունենք հանրային հարաբերությունների արմատական վերափոխման խնդիր: Այս մասին քանիցս շեշտել է հանրապետության նախագահը: Այսօր այդ խնդիրը մեր առջև ծառացած է ողջ սրությամբ: Հապաղելը մեծ կորուստների կարող է հանգեցնել:
- Հանրային խորհուրդը անցյալ տարի հանդիպումներ էր կազմակերպում հանրապետության ֆիլմարտադրող ընկերությունների ներկայացուցիչների հետ, քննարկում «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածով նախատեսված` հեռուստաեթերում չափորոշիչների սահմանման նախագիծը: Չափորոշիչներ էլ մշակվեցին, որոնցով նախատեսվում էր սարսափ և ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերի, էրոտիկ բնույթի հեռուստահաղորդումների, ինչպես նաև անչափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հաղորդումների չափորոշիչների սահմանում և կիրառում: Ոքանո՞վ են տեսանելի հեռուստատեսությունը մաքրելու ջանքերի արդյունքները: Փոփոխություն նկատո՞ւմ եք:
- Սարսափ, ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերի, էրոտիկ բնույթի հեռուստահաղորդումների հարցում գուցե որոշակի կարգավորվածություն կա, բայց նույնը չի կարելի ասել բովանդակության որակի վերաբերյալ: Մեր հեռուստատեսությունը չի նպաստում այն քաղաքացու ձևավորմանը, որն անհրաժեշտ է ունենալ, որպեսզի երկիրը կարողանա դիմագրավել աշխարհաքաղաքական ներկա մարտահրավերներին: Ինչպես նկատել է մեր վերլուծաբաններից մեկը` այն, ինչ ժամանակին մեր տներն էր մտնում հեռուստաէկրանից սերիալի տեսքով, այսօր արդեն մեր դուռն է թակում դժբախտության տեսքով:
Տխուր է, բայց այդ գործընթացը դեռ շարունակվում է: