Պաշտպանությունն ու արդարությունը համակարգեր են, որոնց վրա խարսխված է ցանկացած պետություն. Նախարար

11/11/2011



-Հանրության կողմից կա արդարադատության համակարգի նկատմամբ չափից ավելի մեծ անվստահության աստիճան: Դրանք և օբյեկտիվ են, և սուբյեկտիվ,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ խոսելով երկրում արդարադատության վիճակից ասաց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: Նախարարը հայտնեց, որ դատական իշխանությունում առկա խնդիրները բազմաշերտ են և որ դժվար է այստեղ շատ արագ լուծումներ գտնել ու շատ արագ դրական տեղաշարժեր ակնկալել:

Բոլորն անխտիր պետք է հասկանան, որ առանց արդարադատության պատշաճ մակարդակի պետությունը չի կարող կայանալ.
-Պիտի հասկանանք, որ պաշտպանությունն ու արդարությունը երկու համակարգեր են, որոնց վրա խարսխված է ցանկացած պետություն,-նկատեց նախարարը:

Արդարադատության նախարարը դատական իշխանության մեջ կոռուպցիան համեմատեց մարդու օրգանիզմի հետ ու նշեց, որ այն հավասար է սրտի վրա չարորորակ ուռուցքին: Հրայր Թովմասյանի խոսքով, եթե կոռուպցիոն դրսևորումների կործանարար ազդեցությունը այլ համակարգերի վրա դանդաղ է, ապա դատական իշխանությունում դա միշտ մահվան է հանգեցնում:

-Ներքին կյանքն առավել արդյունավետ կազմակերպելու խնդիր միշտ էլ ունեցել ենք և այս ամռումով, եթե այս քսան տարվա ընթացքում շատ դեպքերում ներելի էին այդ սխալները, ապա սրանից հետո դրանք աններելի են դառնալու,-շեշտեց Հրայր Թովմասյանը: Նախարարը հավելեց նաև, որ մշակվում են դատաիրավական համակարգի բարեփոխումներ, որոնք արմատական փոփոխություններ կբերեն համակարգում և շատ հարցերի պատասխաններ կտան: