Բնակիչների բողոք-նամակը ուսումնասիրվում է
02/12/2011
Արամի եւ Բուզանդի փողոցների նախկին բնակիչներն իրենց խաբված են համարում: Այսօր նրանք Կառավարության դիմաց հավաքվել ու պահանջում էին, որ վերադարձնեն իրենց հասանելի բնակարանները:
7 տարի առաջ, քանդելով նրանց բնակարանները, խոստացել էին տրամադրել նոր բնակարան՝ նույն վայրում կառուցվող բազմահարկում: Սակայն մինչ օրս նրանք բնակարան չեն ստացել, դեռ ավելին՝ նրանց պնդմամբ, բազմահարկի ամեն բնակարան վաճառվել է մի քանի անգամ:
"7 տարի փողոցները չափչփելուց հետո մարդիկ հույս են ունեցել, որ վերջապես շենքը կառուցված է եւ կարող են բնակարանի արժանանալ, բայց վերջերս պարզվեց անհավատալին: Մեր երկրում, օրը ցերեկով, իրավական բոլոր հիմքերով, նույն բնակարանը նույն նոտարի` Կենտրոնական նոտարական գրասենյակի նոտար Ալվարդ Մելքոնյանի թեթեւ ձեռքով վաճառվել է մի քանի անձնավորության: Նոտարը ստորագրելիս, կնքելիս՝ գրում է,որ ինքը փաստաթղթերն ամբողջովին ստուգել է, ուստի նոտարի կնիքը մեզ համար պետական երաշխիք է",- ասաց բնակիչ Սոնիկ Մաղաքյանը։