|05.05.2008| ՆԱԽԱՐԱՐԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

05/05/2008

[b]Հարգելի գործընկերներ,[/b] Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ` Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայողի օրվա առթիվ և մաղթում ծառայողական նորանոր ձեռքբերումներ, աշխատանքային բարձր արդյունավետություն ու անձնական երջանկություն: Այս տոնը ձևավորվել է զուտ ավանդույթի ուժով, որի համար հիմք է հանդիսացել ուղիղ տաս տարի առաջ 1998թ. մայիսի 5-ին Հանրապետության Ազգային ժողովի կողմից «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումը: Մեր նախաձեռնությամբ ներկայումս Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանն է ներկայացվել համապատասխան որոշման նախագիծ, որի արդյունքում այս տոնը այսուհետ կունենա նաև իրավական հիմք, այն պաշտոնապես կհամարվի Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայողի օր: Իմ շնորհավորանքներն ու միաժամանակ շնորհակալությունն եմ ցանկանում հայտնել այն մարդկանց, որոնք հիրավի անուրանալի դեր ունեն այս կառուցի կայացման գործում: Բոլորս երախտագիտության զգացում ունենք, հատկապես Հայաստանի Հանրապետության արդարադատության նախկին նախարար, պարոն Դավիթ Հարությունյանի և այս ծառայության առաջին ղեկավար պարոն Անատոլի Ավագյանի նկատմամբ: Ձեր հետ միասին այդ մարդկանց հաջողվել է դատական կատարածուի նախկին, ակնհայտ անարդյունավետ ու դատական իշխանության անկախության սկզբունքին ոչ հարիր ինստիտուտը վերածել արդի չափանիշներին համապատասխան ու կազմակերպված համակարգի:Նույն զգացումով վերաբերվում ենք այդ խիստ կարևոր գործը շարունակողների` պարոնայք Արկադյա Բալայանին և Գագիկ Այվազյանին: Իսկ Գագիկ Այվազյանից ակնալում ենք ոչ միայն ձևավորված լավագույն ավանդույթների պահպանում, այլև հիմնավորված բարեփոխումների իրականացում:

Տոնական այս օրը բոլորիցդ ակնկալում եմ բարձր պատասխանատվություն, օրենքի պահանջների աներկբա կատարում և սեր ու հարգանք` ընտրած մասնագիտության, աշխատանքի ու հասարակության նկատմամբ: Ձեր համակարգի նկատմամբ հանրային կարծիքը ներկայումս առաջնային սոցիալական նշանակություն ունի, քանզի ձախողման է դատապարտված այն պետական կառույցը, որի նկատմամբ հասարակությունը չունի անհրաժեշտ վստահություն: Մենք միասին կարող ենք և պարտավոր ենք բարձրացնել համակարգի նկատմամբ այդ վստահության քվեն, իսկ դրա համար հարկ է առօրյա գործունեության հիմք ընդունել ոչ միայն զուտ վիճակագրական ցուցանիշները, այլև մարդկային փոխհարաբերությունների գործոնը: Բնական է, որ Ձեր գործունեության բնույթն անմիջականորեն ուղեկցվում է հարկադրանքի կիրառման հետ, ինչը կամա, թե ակամա տեղիք է տալիս հոգեբանական լարված մթնոլորտի ձևավորմանը: Նման իրավիճակում հաճախ անխուսափելի է դառնում Ձեր իրավաչափ քայլերի նկատմամբ ոչ համարժեք արձագանքը, սակայն այդ դեպքերում Ձեր նախապատվելի հարկադրանքի միջոցը պետք է լինի հանդուրժողականությունը: Ձեր գործողությունների նկատմամբ ակնհայտ անբարեհամբույր վերաբերմունքը չպետք է միանշանակ դիտեք, որպես պարտություն: Պարտության մասին հարկ կլինի խոսել, եթե կորցնեք հավասարակշռությունը: Հուսով եմ, որ Դուք կկարողանաք էլ ավելի բարձրացնել, ըստ էության, նորաստեղծ, այս կառույցի հեղինակությունը, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայողի պատիվն ու արժանապատվությունը: Ամփոփելով միտքս, կրկին շնորհավորում եմ Ձեզ, մաղթում աննահանջ հաջողություններ, բարձր տրամադրություն և արդյունավետ գործելու տրամադրվածություն: