|14.07.2008| ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵՑ ԹՈՄԱՍ ՀԱՄԱՐԲԵՐԳԻՆ

14/07/2008

Հուլիսի 14-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարն ընդունեց ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում հանձնակատարը հետաքրքրվեց Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 225-րդ և 300-րդ հոդվածների կիրառման պրակտիկայով և վերանայման գործնթացով, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության և Ազգային ժողովի մարտի 1-ին և 2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների և դրանց պատճառների ուսումնասիրության ժամանակավոր հանձնաժողովի գործունեությամբ և վերջինիս հետ համագործակցությամբ, ինչպես նաև ԵԽԽՎ 1620 բանաձևի վերաբերյալ իշխանության կողմից ձեռնարկված գործունեությամբ: Արդարադատության նախարարը հանգամանորեն ներկայացրեց քրեական օրենսգրքի վերաբերյալ տարվող աշխատանքները և վստահեցրեց, որ ներկայումս պատրաստվում է Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշմանը համահունչ օրինագիծ: Նախարարը նշեց նաև, որ օրինագիծը կրկին կուղարկվի Վենետիկի հանձնաժողով փորձաքննության նպատակով: Կողմերը նշեցին, որ օրինագծի առանձին դրութների առնչությամբ Վենետիկի հանձաժողովը տվել է դրական եզրակացություն, իսկ մյուս դրույթների հստակեցման և վերանայման վերաբերյալ առաջարկությունները համարժեքորեն հաշվի կառնվեն: Նախարարը պատվիրակությանը տեղեկացրեց, որ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի կողմից արդարադատության նախարարությանն ուղղված հարցերին տրվել է շուրջ 200 էջից բաղկացած սպառիչ պատասխանների փաստաթուղթ և պատրաստ է հետագայում ևս անհապաղ արձագանքել հարցումներին: Քննարկվեցին նաև ԵԽԽՎ 1620 բանաձևի առանձին դրույթների կատարման խնդիրները: Կողմերը համաձայնեցին, որ ձեռնարկված միջոցները համահունչ են բանաձևում ամրագրված դրույթներին: Հանդիպման վերջում Թոմաս Համարբերգը ցանկություն հայտնեց այցելել քրեակատարողական հիմնարկներ, ինչն իրականացնելու նպատակով քրեակատարողական ծառայությանըն արդարադատության նախարարը տվեց համապատասխան հանձնարարություններ: