|14.10.2008| ՍԵՄԻՆԱՐ-ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ

14/10/2008

2008թ. հոկտեմբերի 9-11-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության շենքում անցկացվեց Լատինական Նոտարիատի Միջազգային Միության պատվիրակության, Հայաստանի Հանրապետության Նոտարական պալատի և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համատեղ սեմինար խորհրդակցությունը: Սեմինար-խորհրդակցությունը ներածական խոսքով բացեց ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Գ. Մալխասյանը: Լատինական Նոտարիատի Միջազգային միության կազմում էին` 1.Հելմուտ Ֆեսսլերը-ԼՆՄՄ-ի պատվավոր նախագահ /1999-2001թթ./ 2.Պիեռ Բեքեն- ԼՆՄՄ գլխավոր խորհրդատու և Եվրոպական նոտարական ակադեմիայի նախագահ. 3.Միշել Մեռլոտտին-ԼՆՄՄ պատվավոր գանձապահ, Միջազգային Նոտարական համագործակցության հանձնաժողովի փոխնախագահ. 4.Ժան Պոլ Դեկողը-Միջազգային Նոտարական համագործակցության հանձնաժողովի նախագահ, Ֆրանսիայի նոտարական պալատի նախկին նախագահ: ՀՀ նոտարական պալատի առաջադրած հարցերի շրջանակներում Հելմուտ Ֆեսսլերի ելույթը նվիրված էր Լատինական տիպի նոտարիատի հիմնական սկզբունքներին, Ժան Պոլ Դեկողինը` Լատինական նոտարիատի առավելությանը այլ համակարգերի համեմատությամբ: Միշել Մեռլոտտին անդրադարձավ նոտարական ակտերի պատրաստման, վավերացման և տարիֆիկացիայի խնդիրներին, իսկ Պիեռ Բեքեն` վերլուծեց հայկական նոտարական համակարգը և համեմատական վերլուծություն անցկացրեց բարեփոխումներ ապրող այլ երկրների և Եվրոմիության երկրների հետ: Հյուրերն անդրադարձան նաև նոտար դառնալու, նոտարների նշանակման և նրանց քանակի հարցերին, ինչպես նաև Լատինական Նոտարիատի Միջազգային Միության հիմնական սկզբունքների հետ «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի համապատասխանությանը: 2008թ. հոկտեմբերի 11-ին պատվիրակության անդամները հանդիպեցին ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար Ա. Գևորգյանի հետ: Հանդիպման ընթացքում խոսք գնաց Լատինական Նոտարիատի Միջազգային Միության առավելության, դրա հիմնական սկզբունքների, ինչպես նաև դրանց խախտման դեպքում Լատինական Նոտարիատի Միջազգային Միության անդամության վրա ազդող հետևանքների մասին: Քննարկվեց նաև «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքում կատարվող փոփոխությունների համապատասխանության խնդիրը` Լատինական Նոտարիատի Միջազգային Միության հիմնական սկզբունքների հետ: Խորհրդակցության ավարտին փոխվարչապետ Ա. Գևորգյանը, ամփոփելով հանդիպման արդյունքները, իր գոհունակությունը հայտնեց Լատինական Նոտարիատի համակարգին Հայաստանի նոտարիատի ինտեգրմանը և խոստացավ հետևել, որպեսզի այդ համակարգը կայանա: Պատվիրակությանն ընդունեց նաև ՀՀ արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանը և Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մ. Մնացականյանը: Մշտական հանձնաժողովի նախագահն իր ամփոփիչ խոսքում անդրադարձավ «Նոտարիատի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին և հույս հայտնեց, որ դրա ընդունումը կնպաստի ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքների և շահերի լիակատար պաշտպանությանը և ապահովությանը: