|31.10.2008|Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը

31/10/2008

«Նոյյան Տապան» ՍՊԸ-ն 2002թ. հոկտեմբերի 18-ին ընդդեմ Հայաստանի Հանրապետության գանգատ էր ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Դիմումատու ընկերությունը իր գանգատում պնդում էր, որ խախտվել են Կոնվենցիայի 6 (արդար դատաքննության), 10 (արտահայտվելու ազատության), 14 (խտրականության արգելում) և Թիվ 1 արձանագրության 1-ին (սեփականության պաշտպանություն) հոդվածներով երաշխավորված իր իրավունքները: Դիմումատու ընկերությունը պնդում էր, որ նշված հոդվածներով երաշխավորված իր իրավունքների խախտման հիմք է հանդիսացել այն հանգամանքը, որ ընկերությունը մասնակցել է հեռուստահեռարձակման համար մի շարք հաճախականությունների մրցույթների, որոնցից ոչ մեկում հաղթող չի ճանաչվել: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նշված հայցով 2004թ. հոկտեմբերի 21-ին կայացրել էր մասնակի անընդունելիության մասին որոշում, որով Կոնվենցիայի 10 և 6 հոդվածի վերաբերյալ հայցի քննությունը հետաձգել էր մինչև ՀՀ կառավարության հետ քննարկումը, իսկ մնացած հոդվածների մասով` հայցը համարել էր անընդունելի: 2008թ. հոկտեմբերի 7-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի երրորդ բաժանմունքի պալատը, միաձայն որոշում է կայացրել, որով Կոնվենցիայի 6-րդ հոդվածի մասով դիմումատու ընկերության գանգատը ճանաչել է «ակնհայտորեն անհիմն» համաձայն կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերի, իսկ Կոնվենցիայի 10-րդ հոդվածի մասով դիմումատուի գանգատը ճանաչել է «անընդունելի»: Այսպիսով` «Նոյյան Տապան» ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի թիվ 37784/02 գանգատը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ամբողջովին ճանաչվել է անընդունելի: