|10.11.2008| ՆԱԽԱՐԱՐԸ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑ Է ՈՒՆԵՑԵԼ ԿԻՊՐՈՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

10/11/2008

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանը, նոյեմբերի 3-5-ին պաշտոնական այց է ունեցել Կիպրոսի Հանրապետություն` այդ երկրի արդարադատության և հասարակական կարգի նախարար Կիպրոս Խրիստոստոմիդեսի հրավերքով: Այցի ընթացքում պաշտոնական հանդիպումներ են կայացել Կիպրոսի պառլամենտի նախագահ Մարիոս Գարոյանի, Արդարադատության և հասարակական կարգի նախարարի, գլխավոր դատախազ Պետրոս Կլերիդեսի և այլոց հետ: Միաժամանակ, նախարար Գ.Դանիելյանը այցելել է Լարնակայում, ինչպես նաև Նիկոսիայում գտնվող Հայերի ցեղասպանության հուշարձաններ և ծաղկեպսակներ դրել: Բանակցության հիմնական նյութը եղել է երկու երկրների միջև ձևավորված իրավական համագործակցության շրջանակներն ընդլայնելու և հնարավորինս բարելավելու խնդիրը: Կողմերը պայմանավորվել են հնարավորինս սեղմ ժամկետում պատրաստել իրավական համագործակցության նոր միջազգային համաձայնագիր և ներկայացնել երկու երկրների իրավասու մարմիններին: Կողմերը քննարկել են նաև ազգային մշակութային արժեք հանդիսացող, այդ թվում` այլ պետությունների տարածքում գտնվող և ոչնչացման սպառնալիքով ուղեկցվող հուշարձանների պահպանության, դրանց պատճառված վնասի փոխհատուցման ոլորտում համատեղ ջանքեր գործադրելու հարցերը: Պաշտոնական այցին առնչվող հիմնահարցերից է եղել նաև փորձի փոխանակման և դատաիրավական բարեփոխումների գործընթացում համատեղ մասնագիտական քննարկումներ իրականացնելը: Մշակվել են նաև միջազգային համաժողովներում փոխհամաձայնեցված կարգով հանդես գալու և հիմնահարցերին մոտեցում դրսևորելու հարցում` երկու երկրների ներկայացուցիչների գործունեության մարտավարության հիմնադրույթները: Կիպրոսի պառլամենտի նախագահ պարոն Մ.Գարոյանը գոհունակություն է հայտնել համատեղ քննարկումների արդյունքների առնչությամբ և, հաշվի առնելով երկու երկրների առջև ծառացած քաղաքական ու իրավական խնդիրների ընդհանրությունը, միջնորդել է դրանք դարձնել շարունակական` ներգրավելով այլ գերատեսչությունների ներկայացուցիչներին: